Իսկուհի Մինասյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է Կ.Պոլսի օրիորդաց և իտալական Քերց վարժարաններում: 15 տարեկանից տպագրվել Կ.Պոլսի ֆրանսալեզու մամուլում, իսկ գործերն արտատպվել են Փարիզի, Բուխարեստի, Պետերբուրգի ֆրանսալեզու պարբերականներում: Լույս են տեսել գրողի «Հեծեծումներ» (1913թ.), «Ներկուռ ժամեր» (1914թ.), «Վենետիկյան մարգարիտներ» (1914թ.), «Վիպակներ և հեքիաթներ» (1918թ., Փարիզ), «Գիշերային ձայներ» (1925թ.), «Անտիկ ծաղիկներ» (1925թ.), «Իտալական լուսաստվերը» (1928թ.), «Ինչ որ մեռնում է» (վեպ, 1928թ.), «Ապրել» (1930թ.), «Հպարտ ցեղեր» (1933թ.) բանաստեղծությունների, արձակ բանաստեղծությունների և նորավեպերի ժողովածուները, որոնք տպագրվել են Կ.Պոլսում և Փարիզում: «Ապրել» ժողովածուի նորավեպերից մեկում պատկերել է Գրիգոր Զոհրապի կյանքը: Ամուսնացած է եղել «Պատրի» ֆրանսերեն պարբերականի խմբագիր Ժան Մինասյանի հետ: Նրա երկերը հայերեն են թարգմանել Դանիել Վարուժանը, Գրիգոր Զոհրապը, Զապել Եսայանը: Մահացել է Փարիզում: