Եղել է Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ: Հայտնի է եղել նաև Իսրայել Քահանա անունով: Ստեղծագործել է 15-րդ դարի 2-րդ կեսին, Մոկաց գավառի Փասավանք գյուղում: Նրա ընդօրինակած և պատկերազարդած ձեռագրերից հայտնի են տասնմեկը, որոնցից վեցը գտնվում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում (3 Ավետարան, 1 Մաշտոց, 2 Գանձարան), հինգը՝ արտասահմանյան հավաքածուներում (3 Ավետարան, 2 Հայսմավուրք): Թեմատիկ մանրանկարներ պարունակում են 1447թ., 1455թ. և 1476թ. Ավետարանները (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան): Նկարչի գծանկարը հարուստ է նրբանցումներով, գունաշարը՝ բաց կապույտի և դարչնա-շագանակագույնի երանգներով: