Zark Foundation

Իսքենդեր Աբգարիուս

Իսքենդեր Աբգարիուս

Բանաստեղծ, գրականագետ, պատմաբան

14 մարտ, 1826 - 12 հունիս, 1885

Ծնվել է Բեյրութում: Եղել է տնտեսագետ, բանաստեղծ Հովհաննես Աբգարիոսի եղբայրը: Սովորել է Բեյրութում, ապա՝ Անգլիայում, կարճատև պաշտոնավարել է Եգիպտոսի Իբրահիմ փաշայի պալատում, ապա նվիրվել գիտական և գրական գործունեությանը։ Գրել է խոհափիլիսոփայական բանաստեղծություններ, պատմագրական աշխատություններ (արաբերեն)։ Գլուխգործոցը «Շահրիար առյուծակերպ անհաղթ արքայի պատմության մասին մտքերի բուրմունք» (1880թ.) դյուցազներգությունն է։ Արաբ ժողովրդի պատմությանը և գրականությանն են նվիրված նրա «Արաբների պատմության ասպարեզում ցանկությունների լրումը» (1852թ.), «Ցանկությունների ճոխացված լրումը» (1867թ.), «Արաբ քերթողների դասակարգման գրական ծաղկաստան» (1858թ.) և «Հոգու ըղձանքը Անթար Աբսի քերթվածներում» (1864թ.) աշխատությունները։ Արաբերեն գրել է բանաստեղծություններ, պոեմներ, պատմաբանասիրական աշխատություններ։ Առանձին գրքերով հրատարակել է նրա «Մտքերի բուրմունք առյուծակերպ անհաղթ արքա Շահրիարի մասին» (1880թ.) դյուցազներգությունը, «Հոգու զբոսանք» քնարական բանաստեղծությունների ժողովածուն և այլն։ Հրատարակել է նաև արաբ ժողովրդի պատմության հետ կապված գրքեր, որոնցից ուշագրավ է հատկապես Լիբանանի 1860թ. ջարդերին նվիրված և վավերագրերով հարուստ հետազոտությունը։ Այս գիրքը արաբերենից թարգմանվել է անգլերեն և լույս է տեսել Բեյրութում, իսկ 1933թ. հրատարակվել է նրա հայերեն թարգմանությունը: Գրական-պատմական որոշակի հետաքրքրություն են ներկայացնում «Խըդիվ Իբրահիմի արժանիքներն ու սխրանքները» (1883թ.) ներբողը և Լիբանանի 1860թ. արյունալի դեպքերը պատկերող «Արտասովոր անցուդարձեր Լեռնային Լիբանանի կյանքում» երկը (1869թ., հայերեն հրատարակություն, «Սարսափներու գիրքը», 1935թ.)։ Ունի նաև քնարական բանաստեղծությունների ժողովածու՝ «Հոգու զբոսանք գեղեցկազարդ էջերում» (1883թ.)։ Մահացել է Բեյրութում։