Zark Foundation

Լաուրա Մամյան

Լաուրա Մամյան

Երգչուհի

Ծնվել է 1963թ. մայիսի 22-ին, ՀՀ Վանաձոր քաղաքում։ Կլառնետահար Հրաչիկ Նազարյանի կինն է: 1970-80թթ սովորել է Երևանի թիվ 47 մինջնակարգ դպրոցում։ 1983-86թթ աշխատել է Հայհամերգ միավորման Գուսանական երգի անսամբլում որպես մեներգչուհի։ Սովորել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանի վոկալի բաժնում (դասական երգեցողություն), ապա՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում։ 1987թ. դասական երգեցողության ուսանողական հանրապետական մրցույթում արժանացել է դափնեկրի կոչման։ 1990-93թթ աշխատել է ժողովրդական նվագարանների դպրոցում որպես ժողովրդական երգեցողության դասատու։ 1994-96թթ Երևանի Մ.Սարյանի անվան թիվ 86 միջնակարգ դպրոցում ստեղծել և ղեկավարել է պատանեկան երգչախումբ։ 2005թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Սայաթ-Նովային նվիրված աշուղական արվեստի կովկասյան միջազգային փառատոնում արժանացել է դափնեկրի կոչման։ Միաժամանակ որպես խմբագիր հանդես է եկել որոշ երաժշտական ուսուցողական ձեռնարկներում։ Հեղինակել է մի շարք երգերի խոսքեր և երաժշտություններ, այդ թվում երգեր նվիրված հայոց բանակին, ոստիկանությանը և անսամբլի կազմավորման 25-ամյակին։ Ունեցել է երեք տասնյակից ավելի մենահամերգներ, ֆոնդային ձայնագրություններ։ Թողարկվել են նրա «Երգն իմ սիրո» և «Չեմ լռելու» խորագիրը կրող ձայասկավառակները, նկարահանվել են տեսահոլովակներ։ Ելույթներով բազմիցս հանդես է եկել հայ երգի պահպանմանը նվիրված հեռուստահաղորդումներում և ռադիոհաղորդումներում։ Իր մտահոգություններն ու տեսակետներն արտահայտող հոդվածներով հանդես է եկել հանրապետության տարբեր օրաթերթերում և ամսագրերում։ Հանդիսանում է Երևանի Տ.Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի վոկալ բաժնի վարիչը։ Համերգներով և մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Անգլիայում, Շոտլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄԷ-ում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Իրանում, նախկին Խորհրդային Միության մի շարք քաղաքներում, Արցախում, Հայաստանի մարզերի մեծ մասում։ Հասարակական ակտիվ գործունեություն է ծավալել «Վերադարձ արմատներին» նախագծում, գեղարվեստական մասի ղեկավարն է, համագործակցել է տարբեր կրթամշակութային կազմակերպությունների հետ։ Եղել է հայկական զորամասերում, մանկատներում ու ծերանոցներում կազմակերպված բազմաթիվ բարեգործական համերգների մասնակից։ Բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթներում հանդես է եկել ժյուրիի կազմում։ 1984թ-ից Գուսանական և ժողովրդական երգի անսամբլի խմբավարն է և առաջատար մեներգչուհին։ 2008թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2011թ.՝ պատվոգրի։ 2023թ. լույս է տեսել նրա «Իմ երգը և իմ խոսքը» գիրքը և նույնանուն ձայնասկավառակը։