Zark Foundation

Լավրենտի Միրզոյան

Լավրենտի Միրզոյան

Լեզվաբան

22 մայիս, 1950 - 15 փետրվար, 2024

Ծնվել է ՀՀ Տավուշի մարզի Չորաթան գյուղում: Ավարտել է Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցը, ապա` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: Աշխատել է հանրապետական մամուլում, հեռուստատեսությունում, խմբագրել է «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» հանդեսը, «Հայ աշխարհ», «Համայնք», «Էրեբունի», «Քաղաքացիական ծառայություն» թերթերը: Դասախոսել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում, Երևանի ճարտարապետության և շինարարության ու Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարաններում, վերջինում եղել է նաև պրոռեկտորը: Ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, պրոֆեսորի կոչում, եղել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: 1975թ-ից եղել է Հայաստանի ժուռնալիստների միության անդամ: 2004-10թթ եղել է ՀՀ լեզվի պետական տեսչության պետը: Հրատարակել է «Առձեռն մայրենի» (1992-95թթ), «Ուղղագրական, հոմանիշների, դարձվածաբանական բառգիրք» (1997թ.), «Իմացաբանական շտեմարան» (1999թ.), «Երևան» (համահեղինակ, 2002թ.), «Գրպանի ուղղագրական բառարան» (2002թ., 2004թ.), «Սխալ և ճիշտ» (համահեղինակ, 1999թ.), «Մանվել Քաջունի» (2006թ.), «Հավերժության ղողանջներ» (2008թ.), «Տավուշ» (2010թ.) գրքերը, ինչպես նաև ակնարկների 3 ժողովածու: Պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ ոսկե, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե, «Գարեգին Նժդեհ», «Հակոբ Մեղապարտ» մեդալներով: 2023թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում։