Ծնվել է 1938թ. հունվարի 10-ին, Դրմբոն գյուղում (այժմ՝ Արցախի Մարտակերտի շրջանում): 1967թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1998թ-ից Արցախի նկարիչների միության անդամ է, 2002թ-ից՝ նախագահը։ 1969թ-ից դասավանդում է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում (1996թ-ից՝ Արցախի պետական համալսարան)։ Եղել է համալսարանի գծագրության և կերպարվեստի բաժնի հիմնադիր-ղեկավարը: Ստեղծագործել է գրաֆիկայի («Կամրջի կառույց», 1983թ., «Կատարելություն», 1984թ.), գեղանկարի («Խոր վիրապ», 1993թ., «Արարատ», 1997թ., եռանկար, «Ղարաբաղի հորովել», 2001-05թթ, շարք և այլն), քանդակագործության («Վարպետ Հակոբը», 1985թ., դիմաքանդակ, «Սայաթ-Նովա», 2005թ., կոմպոզիցիա, «Վասն Հայրենյաց», 2001թ., համալիր-հուշարձան, Ստեփանակերտ և այլն) բնագավառներում։ 1992թ. հեղինակել է Արցախի զինանշանը։ Ցուցահանդեսներ է ունեցել Ստեփանակերտում (1969թ., 1976թ., 1981թ.), Բաքվում (1982թ., 1984թ.), Երևանում (1998թ.): Արժանացել է Արցախի Եղիշեիանվան մրցանակին, պարգևատրվել է «Մենք ենք, մեր սարերը» մեդալով։