Ծնվել է 1983թ․ հոկտեմբերի 17-ին, Երևանում։ 1990-2000թթ սովորել է Երևանի թիվ 136 միջնակարգ դպրոցում։ 1996թ. ավարտել է Երևանի Ղ․Սարյանի անվան արվեստի դպրոցի պարարվեստի բաժին, 2000թ.՝ Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի ստուդիայի կատարողական բաժինը, 2005թ.՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժինը՝ Վիլեն Գալստյանի ղեկավարությամբ։ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում հիմնել է պարի ստուդիա և հետագայում իր մշակած ծրագրով դասավանդել ու կազմակերպել է ստուդիայի աշխատանքը: 2005թ-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորեոգրաֆիայի ամբիոնում պարավեստի ռեժիսուրա առարկան և արվեստի տեսության և պատմության ամբիոնում՝ բալետի պատմություն առարկան (2019թ-ից՝ դոցենտ)։ 2022թ-ից ԵԹԿՊԻ խորիոգրաֆիայի ամբիոնի վարիչն է։ Դասավանդում է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնասպորտային համալիր» հիմնարկում՝ հիմքում դնելով իր կողմից մշակված և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում 1-6-րդ դասարանների համար «Պար» առարկայի ծրագիրը։ 2011թ-ից հանդիսանում է «ՍաԼիԼե» պարի ստուդիայի հիմնադիրներից և գեղարվեստական ղեկավարը։ Բեմադրել է մի շարք թատերական ներկայացումներ հայաստանյան թատրոններում՝ Երևանի Ս.Սարգսյանի անվան Համազգային թատրոն, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Մ.Մարտիրոսյանի անվան խորեոգրաֆիայի պետական թատրոն։ Բազմաթիվ մրցույթներում դարձել է առաջին մրցանակակիր, եղել է նաև միջազգային մրցույթների ժյուրիի անդամ։ ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, համահայկական և միջազգային մրցույթների, միջոցառումների կազմակերպիչների կողմից ստացել է մի շարք շնորհակալագրեր և պատվոգրեր պարի զարգացման և տարածման գործընթացում ներդրած ավանդի համար։ Կատարողական արվեստի ասոցիացիայի կողմից արժանացել է ոսկե և «Մովսես Խորենացի» մեդալների, իսկ «Գազպրոմ Արմենիայի» ՓԲԸ «Ուսումնասպորտային համալիր» հիմնարկի կողմից՝ արծաթե կրծքանշանի։