Zark Foundation

Լիդուշիկ/Լիդա Առաքելյան

Լիդուշիկ/Լիդա Առաքելյան

Երգչուհի

Ծնվել է 1999թ. հուլիսի 11-ին, Երևանում: Սովորել է Երևանի Պ.Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցում և Ա.Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրի և շվիի բաժիններում: Հաճախել է նաև պարի ստուդիա և վոկալի անհատական դասերի: 2002-10թթ հաճախել է Հայաստանի հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլ: 2002թ-ից մասնակցել է մի շարք երգի ու պարի փառատոների, համերգների, նկարահանվել տարբեր հեռուստահաղորդումներում: Համերգային շրջագայություններով եղել է Սիրիայում (2003թ.), Բուլղարիայում (2006թ.), Կիպրոսում (2007թ.), Վրաստանում (2008թ.) և այլուր: 2003թ. ձայնագրել է առաջին անհատական երգը, 2008թ. նկարահանվել առաջին տեսահոլովակը` «Փոքրիկ աշխարհ» երգի հիման վրա: 2010թ. թողարկել է առաջին տեսասկավառակը, 2012թ.` ձայնասկավառակը: 2011թ. Հայաստանը ներկայացրել է «Մանկական նոր ալիք» երգի միջազգային մրցույթում և արժանացել իտալական «Rai Uno» հեռուստաալիքի հատուկ մրցանակին, որի շնորհիվ հնարավորություն է ստացել 2012թ. Հռոմում մասնակցելու «Ti lascio una canzone» հեռուստաշոուին` որպես հատուկ հյուր: Հնարավորություն է ստացել նաև մասնակցելու ամենամյա ամանորյա համերգներին, ինչպես նաև` հաջորդ տարիների մրցույթին որպես հյուր` կատարելով զուգերգ ռուս երգիչ Դոմինիկ Ջոկերի հետ: 2012թ. դուետով հանդես է եկել երգչուհի Նունե Եսայանի հետ և ներկայացրել «Մամա» երգը, որի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ: 2013թ. նկարահանել է թվով 5-րդ տեսահոլովակը` «Թիկ-Թակ» երգի հիման վրա, և առաջին մենահամերգով հանդես եկել Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Նույն թվականին համերգներով հանդես է եկել նաև Լոս Անջելեսում, Երևանում և «Мамины глаза» երգը կատարել «Մանկական Նոր Ալիք» մրցույթի գալա համերգին` Չեխիայի մասնակից Դիանա Քալաշովայի հետ, ում հետ հանդես է եկել նաև դուետով և նկարահանել «Քո նման» տեսահոլովակը: