Zark Foundation

Լիլիթ Գալստյան

Լիլիթ Գալստյան

Թարգմանիչ

Ծնվել է 1962թ. նոյեմբերի 28-ին, Երևանում։ 1986թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, 1996թ.` Հայաստանի ամերիկայան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 2001-02թթ սովորել է Եվրախորհրդի քաղաքական հետազոտությունների Թբիլիսյան դպրոցում։ 2006թ. ՀՀ ԳԱԱ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն լեզվաբանությունից և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1986-87թթ աշխատել է ՀՀ Թալինի շրջանի Աշնակ գյուղի միջնակարգ դպրոցում` որպես ուսուցիչ։ 1986-91թթ եղել է ՀԼԿԵՄ Երքաղկոմի պրոպագանդայի բաժնի վարիչը, 1991-99թթ` Համազգային հայ կրթական և մշակութային միության Հայաստանի գրասենյակի գործադիր տնօրենը։ 1999-2005թթ ստանձնել է ՀՀ ԿԳՆ միջազգային ծրագրերի համադրման և աջակցման կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը։ 1999թ-ից Համազգային հայ կրթական և մշակութային միության նախագահն է։ 2005թ. և 2007թ. որպես հրավիրյալ դասախոս դասավանդել է Գլենդելի Համայնքային քոլեջում։ 1986թ-ից հրատարակել է բազմաթիվ հոդվածներ «Նորք», «Բանբեր», «Լրաբեր», «Ավանգարդ», «Երկիր», «Գարուն», «Ազատամարտ», «Ազդակ», «Անդրադարձ», «Երկիր Ավետյաց», «Դրոշակ», «Առավոտ», «Ասպարեզ» և այլ պարբերականներում։ Կանադական գրականությունից լավագույն թարգմանության համար արժանացել է Կանադայի դեսպանատան մրցանակին։ Եղել է մի շարք միջազգային գիտաժողովների նախաձեռնող և կազմակերպիչ, կազկոմիտեի անդամ, հանդես եկել զեկուցումներով։ 1990թ-ից ՀՅԴ կուսակցության անդամ է։ 2006-07թթ եղել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ։ 2007թ. ՀՅԴ կուսակցությունից համամասնական ընտրակարգով ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, եղել է ՀՀ ԱԺ կրթության, գիտության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Կազմել, խմբագրել է գրքեր, կատարել է թարգմանություններ անգլերենից։ 2002թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Նրա խմբագրությամբ տպագրվել են Համաստեղի, Նիկոլ Աղբալյանի ծննդյան 130, Լևոն Շանթի ծննդյան 140-ամյակներին նվիրված գիտաժողովի նյութերը և «18-33 արդի հայ արծակ», «18-33 արդի հայ պոեզիա» անթոլոգիաները: Թարգմանել է «12 պատմվածք և 1 պիես» (20-րդ դար, ամերիկյան արձակ, 1999թ.), «20-րդ դարի անգլիագիր արձակ» (2002թ.), «Ժողովրդավարական քաղաքացիության ուսուցման ռազմավարությունը» (2002թ.), Վիլյամ Սարոյանի «Ընտրանի» («Հայ մուկը» և «Գնացքները» պատմվածքները, 2008թ.) գրքերը: