Zark Foundation

Լիպարիտ Ավետիսյան

Լիպարիտ Ավետիսյան

Օպերային երգիչ

Ծնվել է 1990թ. նոյեմբերի 30-ին, Երևանում: Վաղ տաիքում տեղափոխվել է Ուկրաինայի Թեոդոսիա քաղաք, որտեղ ավարտել է երաժշտական դպրոց: Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ Բ.Կուդրյավցևի դասարանում: Երկու տարի անց ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Ռաֆիկ Հակոբյանցի դասարանում: Նրա առաջին բեմելը Եվրոպայում տեղի ունեցել Գերմանիայի Քյոլն քաղաքի օպերային թատրոնում: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում` Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Բելգիա, Թայվան, Ռուսաստան, Ուկրաինա և այլուր: Մասնակցել է Երևանում և Փարիզում կայացած Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայի հիման վրա բեմադրած Սերժ Ավետիքյանի նախագծում` որպես Սարոյի դերակատար: Մասնակցել է նաև միջազգային հեղինակավոր այլ մրցույթների: 2010թ. Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Մուզա Միռա» միջզգային մրցույթին, որտեղ արժանացել է 2-րդ մրցանակին, 2012թ. Իտալիայում` Վ.Վիոտտիյի անվան միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է դիպլոմի, 2013թ. Մոլդովայում` Մ.Բիեշուի անվան միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է 2-րդ և «Հանդիսատեսի համակրանք» մրցանակներին: 2013թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ է: Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Ա.Տիգրանյանի «Անուշ» (Սարո), Ջ.Վերդիի «Տրավիատա» (Ալֆրեդո), «Ֆալստաֆ» (Ֆենտոն), «Ռիգոլետտո» (Դուքս), Ջ.Պուչչինիի «Բոհեմ» (Ռուդոլֆ), Ս.Ռախմանինովի «Ալեկո» (Երիտասարդ գնչու), Ժ.Բիզեի «Կարմեն» (Դոն Խոսե) և այլն: Երգացանկում եղել է նաև Մոցարտի, Վերդիի Ռեքվիեմները և այլ դասական երկեր: Համագործակցել նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: 2014թ. մասնակցել է Մ.Մագոմաևի անվան վոկալիստների միջազգային մրցույթին և զբաղեցրել 2-րդ տեղը` արժանանալով դրամական պարգևի, ուղևորության դեպի Իտալիայի Սորենտո քաղաք, նաև «Օրֆեյ» ռադիոկայանի կոմից ճանաչվել է լավագույն կատարող: Մասնակցել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային փառատոների` «Հայաստանի երիտասարդ տաղանդներ» փառատոնը Լոնդոնում, «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը Երևանում, «Սպիտակ գիշերների աստղեր» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնը Սանկտ Պետերբուրգում, «Զատկի փառատոնը» Մոսկվայում, «Բեթհովեն Ֆեսթ»-ը Լեհաստանում, «Մուստոնեն Ֆեսթ»-ը Էստոնիայում, «Միդեմ Ֆեսթ»-ը Ֆրանսիայում, «ԱՀԱՎԱ Ֆեսթ»-ը Գերմանիայում և այլն: 2014թ. ճանաչվել է տարվա լավագույն օպերային երգիչ: Իր մասնակցությունն է ունեցել Հայոց ցեղասպանության (1915թ.) 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, ելույթ ունենալով «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Եվգենի Կիսինի հետ Նյու Յորքի «Քարնեգի Հոլլ» համերգասրահում, Վաշինգտոնի Ստրատմոր երաժշտական կենտրոնում, ինչպես նաև կատարել է տենորի մեներգը Մոցարտի Ռեքվիեմում Փարիզի «Շաթլե» թատրոնում: 2015թ-ից հրավիրյալ երգիչ է Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնում, որտեղ կատարել է Դոն Ժոզեյի (Ժ.Բիզե «Կարմեն»), Դե Գրիյեի (Մասնե «Մանոն»), Կոմս Ալմավիվայի (Ռոսինի «Սևիլյան սափրիչ»), Արքայազնի (Պրոկոֆև «Սեր դեպի երեք նարինջ») և Նեմորինոյի (Դոնիցետի «Սիրո ըմպելիք») դերերգերը: 2016թ. Երևանում կայացած «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը դարձել է «Տարվա լավագույն տղամարդ դերասան»՝ Ժ.Բիզեյի «Կարմեն» օպերայում իր դերակատարման համար: Նույն թվականին Սանկտ Պետերբուրգի «Օնեգին» առաջին ռուսական ազգային մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն հրավիրյալ երգիչ» մրցանակին: Դե Գրիյեի դերերգի մարմնավորման համար առաջադրվել է նաև «Ոսկե դիմակ» ռուսական ազգային թատերական մրցանակաբաշխության «Լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում: