Ծնվել է ՀՀ Գուգարքի շրջանի Վահագնի գյուղում (այժմ` ՀՀ Լոռու մարզում): Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը: Աշխատել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) միջշրջանային «Փարոս» թերթում` որպես սրբագրիչ, ապա գրական աշխատող, Երևանի Հայէլեկտրագործարանի «Էլեկտրամեքենաշինարար» բազմատպաքանակ թերթում, «Պիոներ կանչ» թերթում: 1977թ-ից աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում` որպես մանկապատանեկան գրականության խմբագրության ավագ խմբագիր: 1974թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հեղինակել է շուրջ 40 գիրք՝ բանաստեղծություններ, տրիոլետներ, պատմվածքներ, վիպակներ, որոնք պարբերաբար տպագրվել են հայաստանյան մամուլում: Թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, բելոռուսերեն, լիտվերեն, սերբերեն և այլ լեզուներով: Նրա տեքստերով գրված երգերը հնչել են ռադիոյով և հեռուստատեսությամբ: Հրատարակվել են նրա «Սպասումներ» (1967թ.), «Մի բուռ ցորեն» (1974թ.), «Մարդ և հող» (1978թ.), «Ակոս» (1983թ.), «Վահագնի» (վիպակ պատանիների համար, 1986թ.), «Արմատահան ծառեր» (վիպակներ, պատմվածքներ, 1991թ.), «Սիրտս ձեզ եմ բացում» (1998թ.), «Խաչված ճակատագիր» (2000թ.), «Հող և հաց» (բանաստեղծություններ, 2003թ.), «Հիշողության արահետներով» (հուշակնարկներ, էսսեներ, գրախոսականներ, 2010թ.), «Արարման խորհուրդ» (բանաստեղծություններ, 2013թ.) և այլ գրքեր: 1992թ. «Արմատահան ծառեր» վիպակների և պատմվածքների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակի: Արժանացել է նաև Ֆրիտյոֆ Նանսենի անվան մեդալի, 2008թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, ՀՀ վարչապետի հուշամեդալին։ Մահացել է Երևանում: