Zark Foundation

Լյուսի Իշխանյան

Լյուսի Իշխանյան

Դաշնակահար

5 ապրիլ, 1934 - 20 ապրիլ, 2014

Ծնվել է Նյու Յորքում: Ավարտել է Նյու Յորքի Ջուլիարդի երաժշտական բարձրագույն դպրոցը, որից հետո սովորել է Կոլումբիայի համալսարանում և ստացել հայագիտության և երաժշտագիտության դոկտորի աստիճան։ Հայ երաժշտությունը տարբեր երկրներում տարածելու համար նրան անվանել են «Հայ երաժշտության դեսպան»։ Երաժշտի երկացանկում եղել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Էդվարդ Միրզոյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ 1961թ. Նյու Յորքի դաշնամուրի պրոֆեսորների կոնգրեսի կազմակերպած համերգում կատարել է Կոմիտասի, Ա.Խաչատրյանի, Ա.Հովհաննեսի, Ջ.Էնեսկուի և Է.Բլոխի ստեղծագործություններից։ 1963թ. մասնակցել է ԱՄՆ Կառյան կազմակերպած համերգային շրջագայությանը (165 օր, Իրաք, Իրան, Պակիստան, Շրի Լանկա, Լիբանան, Սիրիա, Հորդանան, Հունաստան)։ 1971թ. համերգներով հանդես է եկել Նյու Յորքում, նրա երկացանկում եղել են Արամ Խաչատրյանի «Մեծ սոնատը», 1974թ.՝ Փարիզում։ Բազմիցս եղել է Հայաստանում (առաջինը՝ 1961թ.)։ Նրա նախաձեռնությամբ կապեր են հաստատվել Նյու Յորքի Ջուլիարդի բարձրագույն երաժշտական դպրոցի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի միջև, 1991թ. ստեղծել է հիմնադրամ՝ կոնսերվատորիայի լավագույն ուսանող-դաշնակահարների համար։ Եղել է «Արմինիըն Դայջեսթ» (1969-76թթ) ամսագրի հիմնադիր-խմբագիրներից, «Արմենիան Թայմս» թերթի խմբագիրը։ Համերգներով շրջագայել է Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի երկրներում, ԽՍՀՄ-ում։ 1962թ. Մոսկվայում մասնակցել է Պ.Չայկովսկու անվան միջազգային մրցույթին։ Արժանացել է Մ.դե Ֆալլայի «Գիշերներն Իսպանիայի պարտեզներում» կոնցերտի մրցույթի 1-ին մրցանակի, Փարիզի Արվեստագետների, գրականության, գիտության ակադեմիայի ընկերության ոսկե մեդալի։ Մահացել է Նյու Յորքում։