Ծնվել է Թավրիզում: Հայտնի է եղել նաև «Լաս» գրական անունով: Ավարտել է Թավրիզի կենտրոնական թեմական վարժարանը և Թիֆլիսի ռուսական գիմնազիան: 1923թ. մեկնել է Փարիզ, հետևել Սորբոնի համալսարանի գրականության դասընթացներին, մասնակցել ֆրանսահայ գրողների ընկերության աշխատանքներին: Փարիզի և սփյուռքի պարբերականներում տպագրել է պատմվածքներ («Խանը», 1928թ., «Երկաթաթև գինեվաճառը», 1928թ., «Գծից դուրս», 1929թ.), հեքիաթներ, բանաստեղծություններ: 1936թ. Փարիզում լույս է տեսել նրա «Հարցականի ուղիներով» վեպը, որտեղ պատկերել է ֆրանսահայության կյանքը, նրա փրկությունը տեսել հայրենադարձության մեջ: Գրողի լավագույն գործերն արժանացել են գրական մրցանակների, թարգմանվել ֆրանսերեն և անգլերեն: 1936թ-ից եղել է Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցության անդամ: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից եղել է Դիմադրության շարժման շարքերում: Մասնակցություն է ունեցել ընդհատակյա գրականության տպագրության ու տարածման գործին: Սակայն նրան մատնում են և 1944թ. հուլիսի 26-ին ամուսնու հետ ձերբակալում և գցում հիտլերյան համակենտրոնացման ճամբարներից մեկը: Ճամբարային բոլոր զրկանքներն ու խոշտանգումները տանելով՝ չի հրաժարվել իր համոզմունքներից: Սպանվել է Գերմանիայի Ռևենսբրյուխի համակենտրոնացման ճամբարում` գազի խցում հեղձամահ լինելով: