Սվետլանա Զաքարյան
Ծնվել է Ախալցխա քաղաքում: Եղել է երգիչ, մանկավարժ Խորեն Պալյանի կինը: Երգչուհու մորական կողմից պապը՝ Իոսիֆ Տոմաշևիչը, եղել է ծագումով լեհահայ, Սանկտ Պետերբուրգի Կայսերական օպերային թատրոնի մեներգիչ, ձայնային հարուստ տվյալներով օժտված բաս-պրոֆունդո, որն իր ձայնը մշակել էր Իտալիայում: Տատը՝ Ելենա Տոմաշեվսկայան, դաշնակահարուհի: 1952թ. տեղափոխվել է Երևան և հաճախել Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան: 1957-62թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժնում: 1965թ-ից եղել է Հայֆիլհարմոնիայի, 1970-83թթ՝ Հայաստանի ազգային ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի: Այդ տարիներին երգել է նաև Էջմիածնում` հայկական առաքելական եկեղեցու երգչախմբում: Պրոպագանդել է հիմնականում հայ միջնադարյան երաժշտությունը և ազգային դասականների երկերը: Գերազանց կատարել է միջազգային օպերային, ինչպես նաև` հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտություն: Դեռևս սովետական տարիներին, երբ արգելվում էին բազմաթիվ երաժշտական ոճեր, ինչպես նաև հոգևոր երաժշտությունը, նա համարձակություն է ունեցել հայկական հոգևոր երաժշտությունը բարձրացնել բեմ: Շնորհիվ հոգեթով ձայնի, երգչուհու ձայնագրությունները մտել են համաշխարհային երաժշտության ձայնադարան, այդ թվում` Ռուսաստանում թողարկված «Ավե Մարիա» երաժշտական ալբոմում: Հրաշալի և անթերի է կատարել Կոմիտասի հոգևոր երգերը, հայ ժողովրդական այլ երգեր, տաղեր և շարականներ: Համերգային շրջագայություններով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, պարբերաբար համերգներ է տվել հայազգի աշխարհահռչակ երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի հետ: Նրա համար է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը գրել իր «Ոկալիզը»: Նրան բանաստեղծություններ են ձոնել Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը, Պարույր Սևակը, այլազգի բանաստեղծներ: 1967թ. արժանացել է Հայաստանի կոմերիտմիության մրցանակի, 1972թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում, թաղված է Էջմիածնի Սբ. Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը: