Zark Foundation

Լուսին Ամարա

Լուսին Ամարա

Օպերային երգչուհի

1 մարտ, 1925 - 6 սեպտեմբեր, 2024

Թագուհի Արմաղանյան
Ծնվել է ԱՄՆ-ի Հարթֆորդ քաղաքում: Վաղ հասակից տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ սովորել է երաժշտական դպրոցում և 1945-46թթ երգել Սան Ֆրանցիսկոյի օպերային երգչախմբում: 1946թ. դեբյուտային համերգով հանդես է եկել Պատերազմի հիշատակի օպերային տանը: 1947թ. շարունակել է ուսումը Արևմուտքի երաժշտական ակադեմիայում, ապա` Հարավային Քալիֆորնիայի համալսարանում: 1948թ. Լոս Անջելեսի երաժշտական մրցույթում շահել է առաջին մրցանակ: 1940-49թթ երգել է նաև Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցում: 1950թ. ընդունվել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոն` որպես մեներգչուհի, հետագայում դարձել նրա «աստղերից»: Կատարել է շուրջ 60 դերերգ: Հանդես է եկել հետևյալ օպերաներում` Մոցարտի «Դոն Ժուան» (Դոննա Էլվիրա), Վերդիի «Աիդա» (Աիդա), «Օթելլո» (Դեզդեմոնա), Պուչչինիի «Բոհեմ» (Միմի), «Տոսկա» (Տոսկա), «Չիո-Չիո-Սան» (Չիո-Չիո-Սան), Ռ.Շտարուսի «Արիադնան Նաքսոսից» (Արիադնա), Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Տատյանա) և այլն: Հանդես է եկել նաև համերգներով, կատարել սոպրանոյի երգամասերը Բեթհովենի «Իններորդ սիմֆոնիայում» և Վերդիի «Ռեքվիեմում»: 1950-91թթ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնում 882 անգամ բեմել է, որոնցից 60-ը հեռարձակվել է հեռուստատեսությամբ և ռադիոյով: 1970-ականներին խնդիրներ է ունեցել պրոդյուսերների հետ, որն էլ վկայում է նրա սակավ բեմելու փաստը: Համերգային ծրագրերում ընդգրկել է նաև հայկական երգեր՝ Կոմիտասի «Կռունկ», «Դլե յաման», Ռոմանոս Մելիքյանի «Վարդը» և այլն: Հանդես է եկել աշխարհի լավագույն բեմահարթակներում` Էդինբուրգի փառատոն (1954թ.), Վիեննայի պետական օպերա (1961թ.), Մոսկվայի Մեծ թատրոն (1965թ.), Չինաստան (1983թ.) և այլն: Ձայնագրվել է մի քանի կինոֆիլներում՝ «Մեծ Կարուզո» (1951թ.), «Կարմեն» (1952թ., հեռուստատեսային), 19-րդ ամենամյա «Տոնի» մրցանակաբաշխություն (1965թ.): Նրա երգարվեստը բարձր է գնահատվել միջազգային մամուլում: 1989թ. արժանացել է Վոկալային արվեստի միջազգային ակադեմիայի «Բեմական Փառք» տիտղոսին: 1965թ. և 1991թ. Աիդայի (Ջ.Վերդիի «Աիդա») դերերգով և մենահամերգներով ելույթներ է ունեցել Երևանում: Թոշակի անցնելուց հետո, դարձել է Նյու Ջերսիի օպերային թատրոնի խորհրդական և վարպետության դասեր է տվել ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: 2005թ. եղել է «Մուզիկա Բելլա» նվագախմբի համերգային ծրագրի հատուկ հյուրը: Մահացել է Նյու Յորքում։