Zark Foundation

Լևոն Երամյան

Լևոն Երամյան

Դերասան, բեմադրիչ

21 դեկտեմբեր, 1892 - 23 դեկտեմբեր, 1938

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասանուհի Աստղիկ Երամյանի ամուսինը: 1909թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Բեմական գործունեությունն սկսել է 1910թ., Թիֆլիսում։ Խաղացել է Ամո խարազյանի, Արմեն Արմենյանի, Օվի Սևումյանի խմբերում։ 1913-20թթ որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Բաքվի Զուբալովի անվան ժողովրդական տան հայկական թատերախմբում: Բեմադրել է Սենկևիչի «Յո երթաս», Սումբատովի «Դավաճանություն», Դ.Դեմիրճյանի «Դատաստան», Գ.Սունդուկյանի «Պեպո», Նար-Դոսի «Սպանված աղավնի» պիեսները։ Եղել է Թիֆլիսի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի հիմնադիրներից: 1921-23թթ եղել է Թիֆլիսի, 1923-24թթ և 1928-29թթ՝ Լենինականի դրամատիկական (այժմ՝ Գյումրիի Վ.Աճեմյանի անվան), 1924-26թթ և 1929-38թթ՝ Բաքվի հայկական թատրոնների դերասան։ 1926-27թթ փարիզահայ դերասանների մասնակցությամբ բեմադրել է «Պեպո»-ն, Դ.Նիկոդեմիի «Անչափահասը», Յ.Օ՛Նիլի «Աննա Քրիստի»-ն։ Նրա բեմական արվեստը վերջնականապես ձևավորվել և զարգացել է Բաքվի հայկական թատրոնում։ Խաղացել է հետևյալ ներկայացումներում՝ Գ.Սունդուկյանի «Պեպո» (Պեպո), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սեյրան), Նար-Դոսի «Սպանված աղավնի» (Թուսյան), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Խլեստակով), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Նեզնամով), Ա.Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ» (Պլատոն Կրեչետ), Շիլլերի «Ավազակներ» (Կարլ Մոոր), «Սեր և խարդավանք» (Ֆերդինանտ) և այլն։ Թարգմանել է ռուսական և արևմտաեվրոպական մի շարք պիեսներ, որոևք խաղացվել են հայ բեմում։ Հետագայում Բաքվի հայկական թատրոնը կոչվել է Լևոն Երամյանի անունով։ 1938թ. արժանացել է Ադրբեջանի ժողովրդական արտիստի կոչման։ Մահացել է Բաքվում: