Ծնվել է 1975թ. սեպտեմբերի 13-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի Ա.Հեքիմյանի անվան 7-ամյա երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը և Գեղագիտության ազգային կենտրոնի փողային գործիքների դասարանը: 1997թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (Արարատ Պետրոսյանի դասարան)։ 1992-2010թթ եղել է «Տկզար» պետական անսամբլի մենակատար, 2000թ-ից «Շողակն» համույթի մենակատար, 2011թ-ից՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների «Ֆոլկ մոդերն» նվագախմբի մենակատար, գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար: 2009թ. դասախոսությամբ և համերգով («Թևանյան քառյակ»-ի հետ միասին) հանդես է եկել Տարտուի համալսարանում: 2019թ-ից ղեկավարում է Երևանի Ս․Ջրբաշյանի անվան երաժշտկան դպրոցի ժողովրդական նվագարանների նվագախումբը։ Իր ղեկավարության օրոք այն 2 անգամ արժացել է Ազգային նվագարանների անսամբլների հանրապետական մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակին: Երաժշտական կատարմամբ հանդես է եկել նաև Ռիգայի սիմֆոնիկ համույթի հետ: 2011-12թթ 17 մենահամերգներ է ունեցել Իտալիայի 12 քաղաքներում: Էստոնիայում հանդես է եկել 28 մենահամերգով: Հայաստանի հանրային ռադիոյի արխիվում կա նրա ավելի քան 28 ձայնագրություն: Երաժշտի ճանաչված ձայներիզը «Traditional Crossroads» կազմակերպության «Old song new dance» հավաքածուն է: Տիրապետում է հայկական բոլոր փողային երաժշտական գործիքներին (բլուլ, շվի, թավ շվի, դուդուկ, պկու, պարկապզուկ, զուռնա), ինչպես նաև դաշնամուրի: Դաշնամուրային համերգներով հանդես է եկել Երևանում կատարելով հայկական կոմպոզիցիաներ ջազային իմպրովիզացիաներով: Ջազային արվեստ ուսումնասիրել է կոմպոզիտոր, պրոֆեսոր Ծովակ Համբարձումյանի մոտ: Համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Հոլանդիայում, Սլովենիայում, Սլովակիայում, Թուրքիայում, Լիբանանում, Բուլղարիայում, Սիրիայում, Ռուսաստանում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Լատվիայում, Էստոնիայում, Հորդանանում, Արգենտինայում, Ուրուգվայում, Ավստրալիայում և այլուր: Որպես երաժիշտ և կոմպոզիտոր մասնակցել է մի շարք հանրահայտ ֆիլմերի ստեղծմանը՝ Ա.Էգոյանի «Արարատ» (2002թ., Կանադա, Ֆրանսիա), Ա.Չիլինգարյանի «Եվ յոթերորդ օրը» (2015թ., Հայաստան), Տ.Գալստյանի «Հակոբը պատրաստ է» (2016թ., Կանադա), Բ.Աթանեսյանի «Ցորյանի ծովեր» (2017թ., Հայաստան), Տ.Պետրոսյանի «Կոմա» (2017թ., Հայաստան), Ա․Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» (2021թ., Հայաստան): Հեղինակել է մի շարք բազմաժանր երաժշտական ստեղծագործություններ: 2012թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: