Ծնվել է Թիֆլիսում: Եղել է ազգագրագետ, պատմաբան Ստեփան Լիսիցյանի որդին: 1914թ. ավարտել է Վիեննայի համալսարանը, 1917թ. սովորել է Թիֆլիսի սպայական դպրոցում։ Ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը, սակայն վտարվել է ուսանողական ցույցերին մասնակցելու համար: 1911-14թթ Վիեննայում աշակերտել է պրոֆեսոր Յուրի Ստրժիգովսկուն, աշխատակցել նրա «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» երկհատոր աշխատությանը (գերմաներեն, 1918թ.)։ 1914-16թթ եղել է Փախստականների օգնության կոմիտեի լիազոր ներկայացուցիչ՝ ռուս-թուրքական սահմանամերձ գոտում։ 1916-17թթ Պետրոգրադում աշխատակցել է պրոֆեսոր Նիկողայոս Մառին, 1918-20թթ՝ Հովհաննես Թումանյանի գլխավորած «Համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողովի» ռազմապատմական բաժնի քարտուղար։ Այդ ընթացքում գրել է «Հայերի մասնակցությունը 1914-18թթ համաշխարհային պատերազմին» ակնարկը։ 1920թ. դեկտեմբերից դասախոսել է Երևանի պետական համալսարանում, նշանակվել Սբ. էջմիածնի վանքի մշակութապատմական արժեքների ազգայնացման կոմիսար, ձեռնամուխ է եղել Մատենադարանի, Հայաստանի պատմության թանգարանի, Կուլտուր-պատմական ինստիտուտի ստեղծմանը։ Զոհ է գնացել 1921թ. Փետրվարյան հակախորհրդային ապստամբության ժամանակ, Երևանում: