Ծնվել է 1944թ. դեկտեմբերի 24-ին (1945թ. հունվարի 1-ին), Երևանում: Ավարտել է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը, ապա` Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1963թ. Երևանում կազմավորել է առաջին ջազ եռյակը (բաս-կիթառահար Արթուր Աբրահամյան, թմբկահար Արմեն Թութունջյան, դաշնակահար Լևոն Մալխասյան, ավելի ուշ` սաքսոֆոնահար Ալեքսանդր Զաքարյան), որը հետագայում անվանվել է «Լևոն Մալխասյանի ջազ կվարտետ»: 1970թ. Կույբիշև, 1972թ.` Վորոնեժ քաղաքներում դարձել է համամիութենական ջազ-փառատոների դափնեկիր, որտեղ նվագել և մշակել են հայկական 7-րդ դարի շարականը: 1966թ-ից նվագել է «КМО-67», «Կռունկ», «Սերպանտին», «Ծիածան» խմբերում: Նվագել է նաև երևանյան բազմաթիվ ռեստորաններում, ակումբներում` «Ախթամար», «Դվին», «Անի», «Արաքս», «Մասիս», «Կռունկ» և այլն: 1980-ականների սկզբին Հենրիկ Իգիթյանի Գեղագիտական կենտրոնում հիմնել է ջազ ակումբ, որին ներգրավված են եղել գրեթե բոլոր հայ ջազ երաժիշտները, որի շրջանակներում կազմակերպել է բազմաթիվ ջազ-փառատոներ, այդ թվում` 1985թ. և 1986թ. հայկական համամիութենական ջազ փառատոները` Գեղագիտական կենտրոնի և Հայաստանի մշակույթի նախարարության հետ համատեղ: 1997-2006թթ նվագել է «Պապլավոկ» սրճարանում, որտեղ եղել է նաև արվեստի մենեջերը: 1998թ. Երևանում կազմակերպել է առաջին միջազգային ջազ փառատոնը, 2000թ.` երկրորդը, 2006թ.` երրորդը, որոնց շրջանակներում Հայաստան են ժամանել համաշխարհային ճանաչված բազմաթիվ ջազ երգիչներ, երաժիշտներ ու խմբեր` Չիկ Կորեա, «Նյու Յորք Վոիսիս», «Earth, Wind & Fire» և այլն: 2006թ. եղել է «Մալխաս» ջազ ակումբի համահիմնադիրը, որի երաժշտական ղեկավարն է: Ակումբի շրջանակներում կազմակերպել է բազմաթիվ ջազային համերգներ, երեկոներ: 2010թ. եղել է հայկական ջազի 70-ամյակի կազմակերպիչներից, որը տևել է 1 տարի, և որի շրջանակներում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ երգիչներ և երաժիշտներ` Ալ Ջերո, Ջորջ Բենսոն, Ջո Քոքեր, Ալ Դե Միոլա, Տանիա Մարիա և այլք: Եղել է բազմաթիվ ջազ մրցույթների դափնեկիր: 1999թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2003թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչման, 2008թ.` ՌԴ Լոմոնոսովի անվան մեդալի` հայկական ջազ երաժշտությունը արտերկրում տարածելու համար, 2010թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: 2007թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2013թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: