Ծնվել է 1959թ. դեկտեմբերի 22-ին, Երևանում: 1977թ. ավարտել է Երևանի Լեոյի անվան թիվ 65 միջնակարգ դպրոցը: 1972-77թթ հաճախել է Պիոներպալատի թատերական խմբակ: 1977թ. ընդունվել է Երևանի Երիտասարդական երգիծանքի ժողովրդական թատրոն` որպես դերասան: 1977-78թթ սովորել է Երևանի թիվ 14 պրոֆտեխնիկական ուսումնարանի զոդման բաժնում, 1983-87թթ` Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի թատերական բաժնում: Ուսման տարիներին Հենրիկ Մալյանի կողմից հրավիրվել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիա, որտեղ աշխատում է մինչ օրս: Մի շարք դերեր է կերտել թատրոնում: Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Ռիժի Արմենակ), Գ.Տեր-Գրիգորյանի «Զգուշացեք, նա դեռ կա» (Թամադա), «Թող վերջը բարի ըլլա» (Պարի ուսուցիչ), Բրանդոյի «Չարլեի մորաքույրը» (Կրիգս), Ջ.Բոկաչչոյի «Դեկամերոն» (Թագավոր, Վանական), Բ.Նուշիչի «Ինքնակենսագրություն» (Կապրալ), Խ.Դաշտենցի «Կարոտ» (Արամ), «Խաղաղ հանգրվան» (Կիսնետ), Դ.Ալիգերիի «Աստվածային կատակերգություն» (Հրեշտակ), Ե.Օտյանի «Ընկեր Փանջունի» (Ռես Սերգո), Լ.Կամսարի «Սաստիկ կոմունիստներ» (Լաբլաբիձե), Ն.Գոգոլի «Ամուսնություն» (Պոդկոլեսին) և այլն: Նկարահանվել է «Վերվարածները ընտանիքում», «Հարևաններ», «Վերկաց ու քայլիր», «Մի կաթիլ մեղր», «Զիլ ուժ», «Գևոյի մանրապատումներ», «Բարի գիշեր երեխաներ» և այլ հեռուստանախագծերում: Դերեր է կերտել նաև ֆիլմերում` «Դեժավյու», «Վոդկա լեմոն», «Ընկեր», «Սպիտակ ոսկոր», «Օտար խաղեր», «Իմ անունն է Դավիթ», «Արշակ Երկրորդ», «Ալմաստ», «Բումերանգ», «Ընկեր Փանջունի» և այլն: