Ծնվել է Մոսկվայում։ Եղել է հրապարակախոս, լրագրող Զարմայր Մսերյանի որդին։ Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, 1890թ.՝ Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Մինչև 1893թ. համեմատական լեզվաբանություն և իրանական լեզուներ է դասավանդել Լազարյան ճեմարանում, իսկ 1893-1905թթ և 1915թ-ից՝ հին պարսկերեն, սանսկրիտ և հին հունարեն՝ Մոսկվայի համալսարանում։ 1905-15թթ եղել է Վարշավայի համալսարանի համեմատական քերականության ամբիոնի վարիչը, վարել լեզվաբանության և Հին Արևելքի պատմության դասընթացները։ Հայագիտական և բարբառագիտական զեկուցումներով հանդես է եկել Փարիզի (1897թ.), Հռոմի (1898թ.), Համբուրգի, Աթենքի և արևելագիտական այլ կոնգրեսներում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ակտիվորեն մասնակցել է խորհրդային գիտական-հասարակական կյանքին։ Եղել է Մոսկվայի Ա.Պուշկինի անվան գեղեցիկ արվեստների թանգարանի հիմնադիրներից (գիտական քարտուղար)։ Զբաղվել է հայերենի այբուբենի, Մովսես Խորենացու, Վանի արձանագրությունների և հայերենում դրանց բառային ու ածանցային տարրերի, հնդեվրոպական լեզուների համեմատական հնչյունաբանության, բայական թեքման, եգիպտա-արամեական պապիրուսների և հին պարսկերենի, գոթերենի համեմատական քերականության հարցերով։ «Հայ բարբառագիտության ուսումնասիրություններ» (ռուսերեն, հ.1-2, 1897-1901թթ) աշխատության մեջ քննության հիմքում դրել է բարբառների համեմատական հնչյունաբանությունը, այս տեսանկյունով էլ ուսումնասիրել է Մշո բարբառի հնչյունները, ձևաբանությունը, բառագիտությունն ու շարահյուսությունը։ Եղել է Մոսկվայի հնագիտական ընկերության անդամ։ 1901թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1905թ-ից՝ պրոֆեսոր)։ Մահացել է Մոսկվայում: