Zark Foundation

Լևոն Սիմոնյան

Լևոն Սիմոնյան

Կիթառահար

Ծնվել է 1987թ. հունվարի 29-ին, Երևանում: 2003թ. ավարտել է Երևանի Վ.Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցը: 1996-2001թթ սովորել է Երևանի Ս.Ջրբաշյանի անվան թիվ 8 երաժշտական դպրոցում, 2003-07թթ՝ Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի երաժշտության բաժնում: 2010-11թթ աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբում: Համագործակցել է մի շարք հայտնի երգիչ-երգչուհիների հետ` համերգային ծրագրերով հանդես գալով ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: 2010-12թթ եղել է «Երգ երգոց» երաժշտական հաղորդաշարի կիթառահարը: 2012թ. մասնակցել է «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծին: Համագործակցել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ, որի կազմով 2011թ. Կանադայում և ԱՄԷ-ում, 2016թ.՝ Բելոռուսում և Հայաստանում մասնակցել է համերգների: 2008թ-ից հանդես է գալիս «Հայվեյ» բենդում` ներկայացնելով մի շարք հեղինակային ստեղծագործություններ: 2013թ. խմբի կազմի հետ 6 ամիս աշխատել է Քաթարի ջազային ակումբներից մեկում: 2014-15թթ նվագել է «Armenian Navy Band» խմբում: 2014թ-ից նվագում է երգիչ Արման Հովհաննիսյանի խմբում, ում հետ համերգային շրջագայություններով եղել է Ռուսաստանում, Կանադայում, Ավստրալիայում, Նիդերլանդներում, Ֆրանսիայում: Համերգներով հանդես է եկել նաև Հարութ Փամբուկչյանի, Դավիթ Ամալյանի և այլ կատարողների հետ: 2015թ-ից նվագում է նաև «Birds Jazz Folk» խմբում: