ՀՀ առաջին նախագահ (1991-98թթ)
Ծնվել է 1945թ. հունվարի 9-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, որտեղ 1963թ. ավարտել է թիվ 17 միջնակարգ դպրոցը, իսկ 1968թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժինը` արաբերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ։ Ասպիրանտական շրջանը անցել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ): 1972թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել է «Մարութա Նփրկերտցու ժողովածուն որպես պատմամատենագրական հուշարձան» թեկնածուական թեզը, իսկ 1987թ.` «Հայ-ասորական գրական կապերը 4-5-րդ դարերում» դոկտորական թեզը, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1972-78թթ որպես կրտսեր գիտաշխատող աշխատել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1978-85թթ վարել Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի գիտնական-քարտուղարի պաշտոնը, միաժամանակ լինելով «Բանբեր Մատենադարանի» հանդեսի խմբագրական մարմնի անդամ և պատասխանատու քարտուղարը: 1985-ից նույն հաստատության ավագ գիտաշխատող է (2001թ-ից՝ հասարակական կարգով): 1982-88թթ համատեղության կարգով «Հայ եկեղեցական մատենագրություն» առարկան է դասավանդել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հոգևոր ճեմարանում: Նրա աշակերտների թվում են Հայոց եկեղեցու բազմաթիվ բարձրաստիճան հոգևորականներ՝ Պարգև, Եզրաս, Միքայել, Աբրահամ, Նաթան, Վազգեն, Սեպուհ, Ասողիկ, Նավասարդ սրբազանները և այլք: Տիրապետում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, արաբերեն, ինչպես նաև մի քանի «մեռած» լեզուների։ Հեղինակել է ավելի քան 30 գիրք, շուրջ 80 գիտական աշխատություն, որոնք հրապարակվել են հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով և վերաբերում են հայ միջնադարյան թարգմանական գրականությանը, հայ-ասորական մշակութային առնչություններին։ 2005թ. և 2007թ. հրատարակվել են կիլիկյան շրջանին վերաբերող նրա վերջին` «Խաչակիրները և հայերը» երկու ստվար հատորներով հրապարակված պատմաքաղաքագիտական հետազոտությունները։ 2006թ. լույս է տեսել նրա քաղաքական ու քաղաքագիտական բնույթի ելույթների, հոդվածների և հարցազրույցների «Ընտրանի» ժողովածուն։ 1985թ-ից եղել է ԽՍՀՄ Արևելագետների ընկերակցության անդամ: Քաղաքական գործունեությունն սկսել է 1960-ական թվականներից: 1966թ. ձերբակալվել և մեկ շաբաթ կալանքի տակ է պահվել ապրիլի 24-ի ցույցին ակտիվ մասնակցության համար։ 1988թ-ից ղեկավարել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեն, մայիսից ընդգրկվել արցախյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում, դարձել նրա ամենահեղինակավոր ու ազդեցիկ անդամներից մեկը։ Հանդես է եկել ծրագրային ելույթներով, ինչպես նաև ընթացիկ իրադարձությունների ու հնարավոր զարգացումների քաղաքական վերլուծություններով ու դիպուկ կանխատեսումներով։ 1988թ. դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին ձերբակալվել է և վեց ամիս պահվել Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտում։ 1989թ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990թ.` ԳԽ-ի նախագահության անդամ։ 1990թ. մայիսն կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա` Գերագույն խորհրդի նախագահ։ 1991թ. հոկտեմբերի 16-ին, ձայների մեծամասնությամբ (83,4%) ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։ Նույն պաշտոնում վերընտրվել է նաև 1996թ. սեպտեմբերի 22-ին։ 1998թ. փետրվարի 3-ին հրաժարական է տվել ՀՀ նախագահի պաշտոնից։ Նրա իշխանության տարիներին ու ղեկավարությամբ Հայաստանը դարձավ անկախ պետություն, կատարվեցին համակարգային բարեփոխումներ, ազատագրվեց Արցախը և ձեռք բերեց դե ֆակտո անկախ պետության կարգավիճակ, միաժամանակ երկիրը անցավ սոցիալ-տնտեսական և էներգետիկ ճգնաժամի միջով, որը ժողովրդական լեզվով կոչվում է նաև «մութ ու ցուրտ տարիներ»։ 1988թ-ից Հայաստանի գրողների միության, 1989թ-ից Ֆրանսիական Ասիական ընկերության, 1991թ-ից Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի անդամ է: 1990թ-ից Լա Վեռնի, 1994թ-ից Սոֆիայի, 1996թ-ից Սորբոնի և Ստրասբուրգի համալսարանների պատվավոր դոկտոր է: 2007թ. կրկին վերադարձել է քաղաքական դաշտ։ Նրա շնորհիվ նույն թվականին սկսել է նոր համազգային շարժում, որի շնորհիվ հազարավոր մարդիկ ոտքի կանգնեցին: 2008թ. ՀՀ նախագահական ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը, սակայն, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալների համաձայն, չի ընտրվել: 2012թ. ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններում գլխավորել է «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ցուցակը, ընտրվել է պատգամավոր, բայց հրաժարվել է իր մանդատից: 2013թ. ընտրվել է «Հայոց համազգային շարժման» իրավահաջորդը հանդիսացող «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նախագահ: