Zark Foundation

Խաչատուր Էրզրումցի

Խաչատուր Էրզրումցի

Փիլիսոփա, եկեղեցական գործիչ

14 նոյեմբեր, 1666 - 21 հունվար, 1740

Խաչատուր Առաքելյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է հայկական կլասիցիզմի հիմնադիրներից: Սովորել է Հռոմի պրոպագանդայի (Ուրբանյան) կաթոլիկական վարժարանում: 1696-1707թթ Կ.Պոլսում զբաղվել է քարոզչությամբ, այնուհետև դարձել է Վենետիկի հայկական համայնքի հոգևոր առաջնորդը: Հեղինակել է փիլիսոփայության, բարոյագիտության, աստվածաբանության, տրամաբանության, հռետորության, երկրագիտության, մաթեմատիկայի, բնագիտության և այլ հարցերի նվիրված աշխատություններ: «Համառօտական իմաստասիրութիւն» (1711թ.) հանրագիտական բնույթի երկհատոր երկում անդրադարձել է ժամանակի գրեթե բոլոր գիտություններին: Քաջատեղյակ լինելով եվրոպական գիտության նվաճումներին՝ նպաստել է առաջավոր գաղափարների ներթափանցմանը Հայաստան: Երկերի մի մասը գրված է լատիներեն, որոնք հիմնականում թարգմանվել են հայերեն: Գոյաբանական հարցերը լուծելիս հետևել է Թովմա Աքվինացուն. Աստծուն համարել է աշխարհի միակ սկզբնապատճառը: Ըստ նրա, բնության հիմքում ընկած է նյութը՝ որպես կարողություն, որը կատարյալ է դառնում տեսակի (ձևի) միջոցով: Բնափիլիսոփայական հարցադրումները հիմնականում մեկնաբանել է մատերիալիստական ոգով: Նյութը համարել է անվերջ բաժանելի, անոչնչանալի, հավերժական, որը շարժման ու փոփոխման հետևանքով մի ձևից անցնում է մեկ այլ ձևի: Տվել է բազմաթիվ բնական երևույթների գիտական բացատրությունը, այսպես, օդի տաքանալը բացատրել է երկրից անդրադարձած արեգակնային ճառագայթների ազդեցությամբ: Ձյան, բքի, ցողի, ստորերկրյա ջրերի և երկրաշարժերի պատճառը համարել է գոլորշիները: Բնության մեջ, ըստ նրա, տեղի ունի զարգացում և փոփոխություն, որոնց հիմքում ընկած են ներհակ ուժերը: Նրա այս մտքերը փաստորեն նյութի պահպանման ու փոխակերպման օրենքի արտահայտությունն են: Հետաքրքրվել է նաև երկրագիտության հարցերով, նկարագրել բազմաթիվ երկրների քաղաքական աշխարհագրությունը: Իմացաբանության և տրամաբանության մեջ հետևել է ռացիոնալիզմի և սխոլաստիկայի հիմնական դրույթներին: Հասարակական, բարոյագիտական ըմբռնումներով հակադրվել է Թովմա Աքվինացուն և ֆեոդալական անօրինականություններին, առաջադրել բուրժուական գաղափարախոսության պահանջներ: Արժեքավոր է պատերազմի և խաղաղության հարցադրումը, որը հիմնականում պարզաբանում է՝ կապելով արդարացի պատերազմների ու ազատագրական պայքարի ընդունման հետ: Նրա գեղագիտական ըմբռնումները ձևավորվել են ռացիոնալիզմի և 17-րդ դարի ֆրանսիական կլասիցիզմի տեսաբանների (Ն.Բուալո և ուրիշներ) ազդեցությամբ: Մարդն ունի ինչպես զգացմունքային, այնպես և բանական ցանկություններ: Արվեստը, ամենից առաջ, արդյունք է մտածողության ու տրամաբանության: Արվեստի հիմքում դնում է հասարակական օգտակարության սկզբունքը և այն բաժանում «ծառայականի» (տարբեր արհեստներ) ու «ազատականի» (պոեզիա, երաժշտություն, ճարտասանություն և այլն): «Համառօտական իմաստասիրութիւն»-ում արտացոլված են պոեզիայի պատկերման առարկայի, սահմանների ու ներգործության մասին կլասիցիզմի նորմատիվ պոետիկային բնորոշ կողմեր: Նրա ռացիոնայիզմի հիմքում ընկած է այն պատկերացումը, թե բանաստեղծական արվեստը սկիզբ է առնում մտածողությունից (բանաստեղծի) և հանգում է մտածողությանը (ընթերցողի)՝ վերածվելով գաղափարական և գեղագիտական ներգործության: Չանտեսելով զգացմունքի ու երևակայության վճռական նշանակությունը՝ շեշտում է պոեզիայում բանականության առաջատար դերը: Հենց այդ դիրքերից նա մեկնաբանում է բարձր պոեզիայի, իրականության «ընտիր ու վսեմ» կողմերի պատկերման, թեմայի նպատակահարմար ընտրության, բնությանը նմանվելու, մարդկային կրքերի ծայրահեղ դրսևորումները հաղթահարելու ու կանոնավորելու կլասիցիստական դրույթները: Հիմնավորում է ստեղծագործական աշխատանքում կանոններին հետևելու անհրաժեշտությունը, գտնլով, որ դրանք բխում են արվեստի էությունից և մտածողության անհրաժեշտ բաղադրամասերն են: Բանականության օրենքներին հավատարիմ մնալու սկզբունքը նա տարածել է ստեղծագործության բովանդակության ձևական (լեզվա-ոճական, կառուցվածքային) կողմերի վրա: Պոեզիայի հասարակական կոչումն ու ներգործությունը կապել է բարոյագիտական խնդիրների հետ: Բանաստեղծական արվեստի (նաև երաժշտության) գեղագիտական, բարոյադաստիարակչական կողմերը սերտորեն առնչվում, փոխադարձաբար պայմանավորում են միմյանց: Արվեստի նպատակն է նպաստել հասարակության առաջընթացին, ծառայել բարոյական դաստիարակության խնդիրներին: Մահացել է Վենետիկում: