Zark Foundation

Խաչատուր Տարոնացի

Խաչատուր Տարոնացի

Բանաստեղծ, երաժիշտ

12-13-րդ դար

Խաչատուր Հաղարծնեցի
12-րդ դարի վերջին քառորդում և 13-րդ դարի սկզբում եղել է Հաղարծնի վանահայր: Գործել է Զաքարյանների տիրապետության շրջանում՝ տնտեսական, քաղաքական ու մշակութային վերելքի պայմաններում: Նոր մակարդակ է ստեղծել Հաղարծնում տարեկան երգեցողությունների միայնակ (սոլո) ու խմբական կատարման ասպարեզում, մեծապես նպաստել է խազագրության արվեստի հետագա զարգացմանը, հորինել է գանձեր ու տաղատիպ շարականներ, որոնցից երաժշտությամբ հանդերձ պահպանվել է Հայոց պատարագի մեջ անցած «Խորհուրդ խորին» ծանր ու տոնական ստեղծագործությունը: Այն երգել է 13-րդ դարի սկզբներին, Զաքարե սպասալարի հրամանով մատուցված բացօթյա պատարագի ժամանակ (Լոռիի մոտերքը), հատկապես հրավիրված հոգևորականների ներկայությամբ: Հայտնի է «Զգեստավորման շարական» անունով, կատարում է պատարագի նախերգի պաշտոնը և իր վիպական հզոր շնչով, հուզականության նոր որակով ու զարդոլորումների նկարագրով կրում է ոչ միայն անհատական ստեղծագործության, այլև դարաշրջանին հատուկ մեղեդիական բարձր ճաշակի կնիքը: Աչքի է զարնում նաև նրա երկ-եռամասանի հազվագյուտ կառուցվածքը: