Ծնվել է Երևանում։ 1971-75թթ սովորել է Երևանի Խ․Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի նկարչության ու գծագրության բաժնում։ 1975 -76թթ դասավանդել է Սևանի շրջանի Ծովագյուղի միջնակարգ դպրոցում։ 1976-78թթ աշխատել է Սևանի քաղաքային մշակույթի բաժնի ժողովրդական թատրոնում որպես բեմադրող նկարիչ, 1977-82թթ՝ Երևանի Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես նկարիչ-դեկորատոր, մասնակցել է մի շարք օպերային և բալետային ներկայացումների ձևավորման աշխատանքներին. «Դավիթ Բեկ», «Նորմա», «Տոսկա», «Դոն Ժուան», «Գայանե», «Անուշ» և այլն։ 1979-81թթ եղել է Երիտասարդական պալատի գլխավոր նկարիչը։ 1981-84թթ աշխատել է Հայկոպում որպես գովազդի նկարիչ-ձևավորող։ 1982թ․ մասնակցել է ԽՍՀՄ կազմավորման 60-ամյակին նվիրված տոնական համերգի աշխատանքներին։ 1982թ-ից մասնակցել է հանրապետական ու միութենական ցուցահանդեսների։ 1984-85թթ եղել է Մարզահամերգային համալիրի գլխավոր նկարիչը։ 1985թ․ եղել է Զորավար Անդրանիկի 125-ամյակին նվիրված տոնակատարության գլխավոր նկարիչը, 1987թ․՝ Սայաթ-Նովայի 275-ամյակին նվիրված տոնական համերգի նկարիչը։ 1987թ-ից եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների դաշնության, 1988թ-ից՝ Հայաստանի նկարիչնեչի միության անդամ։ 1989թ․ Էդվարդ Արծրունյանի համահեղինակությամբ ստեղծել է «Հայաստան» որմնանկարը, որը գտնվում է Գետահովիտ գյուղի հանգստյան տան մեծ դահլիճում (այժմ՝ զորամաս)։ 1991թ․ մասնակցել է Գլաձոր համալսարանի հիմնադրման 700-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ձևավորման աշխատանքներին (համահեղինակներ` Հ.Հակոբյան, Հ.Միրաքյան, Է.Արծրունյան)։ 2010թ․ ստեղծել է «Բանաստեղծություններ և նոթեր» գիրք-ալբոմը։ 2013թ-ից եղել է Ռուսաստանի նկարիչների միության անդամ։ Նրա համահեղինակությամբ ստեղծված «Հայաստան» որմնանկարը 2014թ. հաստատվել է ՀՀ պատմամշակութային արժեքների ցանկում։ Հեղինակել է տասնյակից ավելի մոնումենտալ աշխատանքեր, ձևավորել է բազմաթիվ գեղարվեստական գրքեր, հրատարակել է գեղանկարչական երեք ալբոմ, բանաստեղծությունների և գրաֆիկական աշխատանքների երկու ժողովածու։ Հրապարակումներով և ելույթներով հանդես է եկել մամուլում և հեռուստատեսությամբ։ Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, որոնք հրապարակվել են թերթերում և ամսագրերում, հրատարակել հեղինակային գիրք–ալբոմներ։ Նրա բազմաթիվ աշխատանքներ պահպանվում են ՀՀ մշակույթի նախարարությունում և գեղարվեստական ֆոնդերում։ Շատ աշխատանքեր գտնվում են անհատական հավաքածուներում, Ռուսաստանում, Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, ԱՄՆ–ում և այլուր։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Գերմանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Հունաստանում, Ավստրիայում, Հայաստանում։ Մահացել է Երևանում։