Ծնվել է Ելիզավետպոլի նահանգի Փիփ գյուղում (այժմ՝ Ադրբեջանի Զեյլիկ գյուղ)։ 1917թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Շամխորի շրջանի Գոլիցինո (այժմ՝ Մարտունի) գյուղը և այնտեղ բնակություն հաստատել։ 1930թ. ավարտելով Գանձակի մանկավարժական տեխնիկումը, մանկավարժական աշխատանքի է անցել Շամխորի շրջանի Մարտունի, Ջաղիր և Չարդախլու գյուղերի դպրոցներում որպես ուսուցիչ և ուսմասվար։ 1936թ. էքստեռն ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը, 1938թ.՝ Մոսկվայի Ն.Չեռնիշևսկու անվան պատմափիլիսոփայական ինստիտոտի պատմության ֆակուլտետը։ 1941-48թթ դասախոսել է Ադրբեջանական պետական համալսարանում։ 1948թ. տեղափոխվել է Երևան, դասախոսել Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում և Երևանի պետական համալսարանում, աշխատել որպես ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի սովետական շրջանի բաժնի վարիչ, իսկ 1949-51թթ և 1968-72թթ ՀՀ ԳԱ «Տեղեկագիր» ամսագրի խմբագիր: 1951-54թթ եղել է ՀԿԿ Կենտկոմի գիտության և մշակույթի բաժնի վարիչը, 1954-61թթ և 1977-79թթ՝ պատմության ինստիտուտի նոր շրջանի պատմության բաժնի վարիչը, 1961-68թթ՝ ՍՄԿԿ Կենտկոմին կից մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրենը, 1968-77թթ՝ ՀՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարը, 1979-82թթ` ԵՊՀ ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչը։ Նրա աշխատությունները հիմնականում նվիրված են Անդրկովկասում, մասնավորապես Հայաստանում 1905-07թթ և 1917-20թթ հեղափոխական շարժումներին («Ռևոլյուցիոն շարժումները Հայաստանում 1905-1907թթ», 1955թ., «Մեծ Հոկտեմբերը և Հայաստանի աշխատավորների պայքարը Սովետական իշխանության համար», 1962թ., ռուսերեն), անդրկովկասյան ժողովուրդների բարեկամությանը, պրոֆեսիոնալ հայ հեղափոխական գործիչների կյանքին («Ներսիկ Ստեփանյան», 1967թ., ռուսերեն, «Արշավիր Մելիքյան», 1969թ.)։ Հեղինակել և խմբագրել է մի շարք կոլեկտիվ աշխատություններ՝ «Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր» (1967թ.), «Հայ ժողովրդի պատմություն» (հ.7, 1967թ.), «Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների պատմության ուրվագծեր» (մաս 1, 1967թ., ռուսերեն)։ Եղել է «ՍՍՀՄ պատմություն» (12 հատոր, ռուսերեն) աշխատության գլխավոր խմբագրության անդամ։ 1963-71թթ եղել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր: Պարգևատրվել է Կարմիր դրոշի և Պատվո նշան շքանշաններով։ 1948թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (պրոֆեսոր): 1950թ-ից եղել է ՀՀ ԳԱ թղթակից անդամ, 1968թ-ից՝ ակադեմիկոս: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով: Մահացել է Երևանում: