Հիմնադրվել է 2011թ., Երևանում: Նպատակն է հանրությանը հաղորդակից դարձնել ժանրի դասական և ժամանակակից հեղինակներին, մշտապես կատարել հայ կոմպոզիտորների երկերը, խրախուսել նոր ստեղծագործությունների ստեղծումը: Ակտիվ գործունեություն է ծավալում ինչպես Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, այնպես էլ Հայաստանի մարզերում, Արցախում և արտերկրի հեղինակավոր համերգասրահներում: Կենտրոնի կազմում գործում են կամերային ժանրի հայաստանյան լավագույն երաժշտախմբերը՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը (1962թ.), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (2000թ.), Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (1981թ.), Երևանի պետական կամերային երգչախումբը (1996թ.), «Հովեր» կամերային երգչախումբը (1992թ.), Կոմիտասի անվան ազգային քառյակը (1924թ.): Ազգային կենտրոնը նաև համագործակցում է այլ խմբերի և կատարողների հետ, իրականացնում համատեղ ծրագրեր: Կենտրոնի աջակցությամբ Կամերային երաժշտության տանը պարբերաբար կայանում են երգեհոնային երաժշտության ամենամսյա համերգներ: