Ծնվել է 1974թ. օգոստոսի 11-ին, Երևանում: 1994-98թթ սովորել է Երևանի Հրաչյա Աճարյանի անվան համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում: 1998-2003թթ եղել է «Max Power» Հայաստանում առաջին կիբեր-խաղերի ակումբի հիմնադիրը, 1999-2004թթ՝ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Կենտրոն տարածքային բաժնի պետի տեղակալը, 2004-09թթ՝ Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետը: 2009թ. հիմնադրել է «Mezzo Club» երաժշտական ակումբը: 2011-16թթ ղեկավարել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի և տուրիզմի վարչությունը: 2011թ. հիմնադրել է «Mezzo Production» պրոդյուսերական ընկերությունը, որի շրջանակներում իրականացրել է բազմաթիվ մասշտաբային միջոցառումներ ու նախագծեր: 2015թ. հիմնադրել է Ջազի հայկական ասոցիացիան, որի նախագահն է: 2016-21թթ եղել է «Գազպրոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդականը՝ մշակույթի և կրթության հարցերով: Իրականացրած խոշոր նախագծերից են՝ Երևանի երաժշտական և գեղարվեստի դպրոցների փառատոն-մրցույթը (2007թ.), Ջազի միջազգային օրը Հայաստանում (2012թ., տոնակատարության նախաձեռնող), «Yerevan Jazz Fest» ամենամյա միջազգային փառատոնը (2015թ-ից, հիմնադիր), Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ (2018թ.), Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը (2018թ.), «WCIT 2019» տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (2019թ., բացման գլխավոր պրոդյուսեր) և այլն: 2015թ. Ջազի միջազգային օրը Հայաստանում կազմակերպելու և հանրահրչակելու համար արժանացել է Հերբի Հենքոքի հատուկ դիպլոմի: 2017թ. արժանացել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հատուկ դիպլոմի և ՀՀ մշակույթի նախարարության հատուկ մրցանակի՝ Հայաստանում ջազը զարգացնելու համար: 2018թ. արժանացել է Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի: