Zark Foundation

Կարապետ Եզյան

Կարապետ Եզյան

Բանասեր, պատմաբան

5 սեպտեմբեր, 1835 - 31 մայիս, 1905

Ծնվել է Մոսկվայում: Ավարտել է տեղի Լազարյան ճեմարանը, ապա՝ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների բաժինը։ «Ներքին կյանք հին Հայաստանի» (1859թ., ռուսերեն) աշխատության համար ստացել է արևելյան լեզուների մագիստրոսի գիտական աստիճան։ Պաշտոնավարել է ներքին գործերի, ապա՝ լուսավորության նախարարություններում։ 1886թ. այցելել է Կարինի Սանասարյան վարժարան, հովանավորել այն և Նոր Նախիջևանի Գոգոյան, Թիֆլիսի Հովնանյան միջնակարգ օրիորդաց դպրոցները։ Զբաղվել է Սանասարյան և Իզմիրյան կտակների իրականացմամբ, նյութապես օժանդակել Ղևոնդ Ալիշանի «Այրարատ» և «Սիսական» աշխատությունների հրատարակությանը։ Առաջաբաններով, ծանոթագրություններով հրատարակել է Ղևոնդի «Պատմություն» (1887թ.), Հովհան Գարդելի «Ժամանակագրություն հայոց» (1891թ.) և այլ աշխատություններ։ Հիմնական աշխատությունն է «Պետրոս Մեծի հարաբերությունները հայ ժողովրդի հետ» (1898թ., ռուսերեն) ուսումնասիրությունը։ Գրքի առաջաբանը պատմական տեսություն է ռուսական կառավարության՝ հայերի հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ՝ Պետրոս Մեծի ժամանակաշրջանից մինչն 19-րդ դար։ Աշխատության երկրորդ մասում զետեղված են վավերագրեր, որոնք վերցված են տարբեր դիվանատներից և վերաբերում են 1698-1736թթ։ Որոշակի տեղ հատկացնելով հայ ժողովրդի դերին ռուս-հայկական հարաբերություններում, այնուամենայնիվ, կարևոր նշանակություն է տվել անհատների գործունեությանը և կրոնական գործոնին։ Մահացել է Պետերբուրգում: