Zark Foundation

Կարապետ Մելիք-Օհանջանյան

Կարապետ Մելիք-Օհանջանյան

Բանասեր, հայագետ, արևելագետ

4 մարտ, 1893 - 22 փետրվար, 1970

Ծնվել է Հայաստանի Կալեր գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում): Նախնական կրթությունն ստացել է Գանձակում: 1913թ-ից սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, որի պրոֆեսորական խորհրդի որոշմամբ 1914թ. գործուղվել է Գերմանիա՝ գերմաներենի մեջ հմտանալու և սանսկրիտ սովորելու։ 1915-17թթ եղել է ազատ ունկնդիր Բեռլինի համալսարանում։ 1920թ. վերադարձել է Երևան, աշխատել արական գիմնազիայում, ապա՝ Հայկական կարմիր բանակի քաղլուսվարչությունում՝ կուլտուրկրթական բաժնի վարիչ և «Կարմիր բանակ» թերթի խմբագիր։ Միաժամանակ Հայաստանի ժողովրդական համալսարանում դասավանդել է հայ գրականություն և գերմաներեն։ 1921թ. գլխավորել է Հայաստանի գիտական ինստիտուտը (Էջմիածնում), 1922-25թթ դասախոսել Երևանի համալսարանում։ 1930-37թթ եղել է Հայաստանի գիտությունների ինստիտուտի, այնուհետև՝ նյութական մշակույթի պատմության, մշակույթի պատմության, պատմության և գրականության ինստիտուտների գիտական քարտուղարը, հայ հին գրականության ու ժողովրդական բանահյուսության բաժինների վարիչ (1935թ-ից՝ պրոֆեսոր)։ Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1937թ. հուլիսի 25-ին նրան ձերբակալել են իբրև դաշնակցական ընդհատակյա կազմակերպության կենտկոմի անդամ, որն ակտիվ աշխատանք է կատարել խորհրդային կարգերի դեմ զինված ապստամբություն բարձրացնելու, խորհրդային իշխանությունը տապալելու և դաշնակցական ազգային-բուրժուական կառավարությունը վերականգնելու նպատակով։ 1941թ. դատապարտվել է 5 տարվա ազատազրկմամբ և աքսորով։ 1944թ. վերջերից, ՀՀ ԳԱ նախագահ Հովսեփ Օրբելու միջնորդությամբ, բնակություն է հաստատել Երևանում։ 1946թ. դարձյալ արտաքսվել է Երևանից և միայն Արտեմ Միկոյանին հղած դիմումից հետո և վերջինիս պաշտոնական կարգադրությամբ է, որ նրան իրավունք է տրվել վերջնականապես հաստատվելու Երևանում։ Զբաղվել է բանագիտությամբ, հայ հին գրականությամբ և հայ ժողովրդական պատմությամբ, արևելագիտությամբ, համեմատական տեքստաբանությամբ, գրական, գիտական և բանահյուսական հուշարձանների թարգմանությամբ։ Նրա գրչին են պատկանում «Տիրան-Տրդատի վեպը ըստ Փավստոս Բուգանդի» (1947թ.), «Ագաթանգեղոսի բանահյուսական աղբյուրների հարցի շուրջը» («ՊԲՀ», 1964թ.), «Միթրա-Միհրը «Սասնա ծռերի» մեջ» (1946թ.), «Լենինը հայ ֆոլկլորի մեջ» (1936թ.) աշխատությունները։ Մանուկ Աբեղյանի հետ ձեռնարկել և իրականացրել է «Սասնա ծռերի» գիտական հրատարակությունը (հ.1-2, 1936-51թթ)։ Գրի է առել «Սասնա ծռերի» ութ նոր պատում, ռուսերեն է թարգմանել «Սասնա ծռերի» 10 ընտիր պատում՝ ընդարձակ ուսումնասիրությամբ և հարուստ ծանոթագրություններով։ Մեծ է նրա վաստակը հայ հին գրականության հետազոտման և գրապատմական հուշարձանների գիտական հրատարակության բնագավառում: Հրատարակվել են նրա «Էջեր հայ միջնադարյան գեղարվեստական արձակից» (1957թ.), «Կորյունը և նրա «Վարք Մաշտոցին» (1962թ.), «Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց» (1961թ.), «Պատմութիւն Փարէզի և Վեննայի» (1966թ.) աշխատությունները։ Արևելագիտական-հայագիտական արժեքավոր ուսումնասիրություն է նրա «Ֆիրդուսին և Իրանի վիպական մոտիվները «Շահնամեում» և հայ մատենագրության մեջ» (1934թ.)։ Ռուսերեն է թարգմանել Մ.Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմության» (1948թ.) 1-ին հատորը։ 1965թ-ից եղել է ՀՀ ԳԱ ակադեմիկոս: 1962թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: