Zark Foundation

Կարապետ Փանոսյան

Կարապետ Փանոսյան

Հրապարակախոս, լրագրող, թարգմանիչ

27 օգոստոս, 1826 - 25 մարտ, 1905

Ծնվել է Կեսարիայում (այժմ՝ Թուրքիայում)։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1841թ. տեղափոխվել է Կ.Պոլիս, զբաղվել արհեստագործությամբ, շարունակել ուսումը տարբեր վարժարաններում։ Շրջելով թուրքահպատակ արաբական երկրների մեծ մասում և Արևմտյան Հայաստանում՝ նվիրվել է թուրքական բռնատիրության ներքո հեծող ժողովուրդների ազատագրական պայքարին։ 1859թ. հիմնել է «Մյունատիի էրճիաս» հայատառ թուրքերեն պարբերականը։ Մասնակցել է Սահմանադրական շարժմանը, պայքարել հայ կղերաամիրայական խավի և սուլթանական կառավարության դեմ, դարձել Կ.Պոլսի «Բարեգործական ընկերություն հայոց»-ի, ապա՝ Մ.Նալբանդյանիհիմնած ընդհատակյա խմբակի անդամ։ Դարձել է Հ.Սվաճյանի մարտական զինակիցը, Լոնդոնի ռուսական պրոպագանդիստների (Ա.Գերցեն, Ն.Օգարյով) գաղափարների տարածողը պոլսահայ գաղութում։ 1862թ. օգոստոսի 1-ին եղել է Կ.Պոլսում սուլթանական կառավարության դեմ ուղղված հայկական ցույցի ղեկավարներից, գաղտնի տպագրել և տարածել է թռուցիկներ։ Զեյթունի 1862թ. ապստամբության օրերին դատապարտել է սուլթանի ջարդարար, քաղաքականությունը, որի համար բանտարկվել է։ 1867թ. ստանձնել է Կ.Պոլսի Սբ. Փրկչի ազգային հիվանդանոցի հոգաբարձուի պաշտոնը։ 1866թ. հիմնադրել է «Մանզումեի էֆքյար» պարբերականը, որտեղ պաշտպանել է արհեստավորության և գյուղացիության շահերը։ Գրել է հակակղերական բնույթի հրապարակախոսական գրքույկներ։ Նրա գրական ժառանգությունը պատշաճորեն չի ուսումնասիրված։ Մահացել է Կոստանդնուպոլսում: