Ծնվել է Նախիջևանում: 1934-36թթ սովորել է ԽՍՀՄ զինված ուժերի Ս.Տիմոշենկոյի անվան ռազմատրանսպորտային ակադեմիայում: 1940թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1932-34թթ եղել է Երևանի ինդուստրիալ ինստիտուտի, 1937-39թթ՝ ՀԿԿ Երքաղկոմին կից երեկոյան կոմունիստական համալսարանի տնօրենը։ 1941-42թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, այնուհետև նշանակվել Թելավի զինվորական ուսումնարանի ավագ դասախոս։ 1944-48թթ եղել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի ռեկտորը, 1948-63թթ՝ ընդհանուր պատմության ամբիոնի վարիչը։ 1963թ-ից աշխատել է Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում (ընդհանուր պատմության ամբիոնի վարիչ, պատմության ֆակուլտետի դեկան)։ Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են հայ ժողովրդի և ընդհանուր պատմության տարբեր հարցերի։ 1966թ. նրա հեղինակած «Միջազգային դիվանագիտությունը և հայկական եղեռնը» աշխատության մեջ տրված է հայկական հարցի դիվանագիտական պատմությունը սկզբնավորման օրից մինչև 1915թ. Հայոց ցեղասպանությունը։ 1969թ. հեղինակած «Հայ ժողովրդի ազատագրական պայքարի և ագգային-ազատագրական շարժման օրինաչափության հարցը» ուսումնասիրության մեջ նկարագրել է թուրքական բռնատիրության տակ գտնվող արևմտահայերի սոցիալական ծանր վիճակը, որը և հանդիսացել է ազգային-ազատագրական պայքարի հիմնական պատճառը։ 1976թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1977թ-ից՝ պրոֆեսոր)։ Մահացել է Երևանում: