Ծնվել է 1947թ. օգոստոսի 8-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1960-65թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի ժողովրդական պարի բաժնում: 1972թ., դեռևս ուսման տարիներին, հրավիրվել է Հայաստանի պարի պետական անսամբլ որպես պարուհի: Նույն թվականից մինչև 1987թ.-ը եղել է անսամբլի մենապարուհի, ընդգրկվել է Է.Մանուկյանի, Ա.Ղարիբյանի, Վ.Խանամիրյանի բեմադրություններում: Անսամբլի հետ մեկնել է հյուրախաղերի արտասահմանյան բազմաթիվ երկրներ՝ Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա, Կանադա, ԱՄՆ, Հարավային Ամերիկայի երկրներ, Ալժիր, Թունիս, Մարոկկո, Իրան և այլն: Եղել է անսամբլի առաջնակարգ պարուհիներից մեկը: Պարացանկում որպես մենապարուհի հանդես է եկել «Շալախո», «Կակաչներ», «Վրացական», «Զանգեզուր», «Չինար ես» համարներում, իսկ «Ուզունդարա» պարը հայ ամոթխած գեղջկուհու կերպարն է արտահայտում, որը մի յուրօրինակ զուգահեռ է ստեղծել բակունցյան խոնարհ աղջկա հետ: Հայկական ժողովրդական պարերի կոլորիտային զգացողության վառ օրինակ է եղել նրա ստեղծած աղջկա կերպարը «Հոտաղների պար»-ում: Բարձր պրոֆեսիոնալիզմը և ինտուիցիան հնարավորություն են ընձեռել պարուհուն յուրաքանչյուր դերապարի համար գտնել բնորոշը, հատկանշականը և դա մեկնաբանել յուրովի: Նրա կատարումները մշտապես աչքի են ընկել հույզերի արտահայտման կատարելությամբ, ձեռքերի շարժումների առանձնահատկությամբ: 1987-97թթ շարունակել է պարային գործունեությունը Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում որպես մենապարուհի, իսկ 1997թ-ից` որպես փորձավար: 2002թ. հրավիրվել է Թեհրան՝ տեղի հայ համայնքի սաներին ուսուցանելու նպատակով և հիմնադրել է «Արարատ» մանկական պարախումբն ու պարային դպրոցը, որտեղ մինչև օրս սովորում են 100-ից ավել հայ երեխաներ: Պարախմբի համար բեմադրել է «Կռունկներ», «Հունական պար», «Բուլղարական պար», «Գնչուական պար», «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» և այլն: 1984թ. արժանացել է ՀԱյաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2018թ.՝ Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալի: