Zark Foundation

Կարպիս Ափրիկյան

Կարպիս Ափրիկյան

Երաժիշտ, խմբավար

31 հուլիս, 1926 - 15 հոկտեմբեր, 2024

Ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Երիտասարդ տարիքից մասնակցել է ծննդավայրի մշակութային և գեղարվեստական կյանքին։ Սովորել է Հայոց ազգային «Պողոսյան» դպրոցում, այնուհետև՝ Ամերիկյան քոլեջում։ Տասը տարեկանից զբաղվել է երաժշտությամբ՝ կոնտրապունկտ, հարմոնիա ֆուգա։ 15 տարեկանում եղել է Պողոսյան ազգային վարժարանի երաժշտության ուսուցիչ Աշոտ Պատմագրյանի աշակերտը, որի բացակայության օրոք ինքն է ստանձնել երգչախմբի տարեվերջյան հանդիսությունների ղեկավարությունը։ 1948թ․ հիմնել է «Համազգային» խառը երգչախումբը, որի հետ մի շարք համերգներ է ունեցել Ալեքսանդրիայում և Կահիրեում։ Նրան տրամադրվել է կրթաթոշակ՝ Եվրոպայում իր ուսուցումն ավարտելու համար։ 1953թ․ մեկել է Փարիզ, որտեղ կատարել է կոմպոզիտորական և դիրիժորական աշխատանքեր։ Փարիզի Սիփան-Կոմիտաս հայկական երգչախմբի դիրիժոր և կոմպոզիտոր Գուրգեն Ալեմշյանի մահից հետո ղեկավարել է երգչախումբը։ «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի հետ մասնակցել է մի շարք փառատոների և Հոգևոր երաժշտության 3-րդ միջազգային կոնգրեսին։ Համերգներով հանդես է եկել Բրյուսելում, Ժնևում, Բազելում, Ցյուրիխում, Մյունխենում, Ամստերդամում, Վենետիկում։ Նրա ամենահայտնի ստեղծագործություններից «Սասունի Դավթի ծնունդ» ստեղծագործությունը երկու երգչախմբի և նվագախմբի համար առաջին անգամ հնչել է 1994թ․ Փարիզում, Սորբոնի Մեծ Ամֆիթատրում։ Նույն ստեղծագործությունը 2001թ․ բեմադրել է Քվեբեկ նահանգի Մոնրեալի Աստվածամոր տաճարում։ 2007թ․ նույն օրատորիայով է բացվել Հոգևոր երաժշտության 12-րդ փառատոնը՝ Մարսելի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ։ 1991թ․ Հայաստանի կառավարության հրավերով առաջին անգամ եղել է Հայաստանում, որտեղ կատարել է սփյուռքահայ երաժիշտների ստեղծագործություններից։ 2009թ․ արժանացել է ՀՀ «Մովսես Խորենաց» մեդալի, 2021թ․՝ Ֆրանսիայի բարձրագույն տիտղոս՝ «Արվեստի և գրականության կոմանդորի» պետական շքանշանի։ Մահացել է Ֆրանսիայի Մալակոֆ քաղաքում։