Ծնվել է Արցախի Շահումյան ավանում։ 1964թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1964-71թթ եղել է Շահումյանի շրջանի Մանաշիդ գյուղի ուսուցիչ, ապա՝ շրջանային «Նոր ուղի» թերթի բաժնի վարիչ, 1971-75թթ՝ ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, 1975թ-ից՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս, 1994թ-ից, միաժամանակ՝ Արցախի Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատող: 2000թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, ապա ստացել է պրոֆեսորի կոչում։ Մասնակցել է Շահումյան-Գետաշեն տարածաշրջանի ինքնապաշտպանության կազմակերպման, բնակչության նյութական օգնության, Արցախի հետ Շահումյան-Գետաշենի միավորման փաստաթղթերի փաթեթը կազմելու աշխատանքներին։ 1992թ. (Դ.Պետրոսյանի հետ) հիմնել է «Մռավի ղողանջներ» և «Եղնիկներ» թերթերը։ Աշխատությունները վերաբերում են Հյուսիսային Արցախի հիմնախնդիրներին։ Արխիվային նյութերի հիման վրա առաջին անգամ շարադրել է Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի ամբողջական պատմությունը, հիմնավորել բռնազավթած հողերի պահանջատիրությունը։ Արժանացել է Արցախի Եղիշեի անվան մրցանակի, պարգևատրվել «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։ Մահացել է Երևանում: