Ծնվել է Ախալքալակի շրջանի Ղադո գյուղում։ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո, պրոֆեսոր Խորեն Սարգսյանի ղեկավարությամբ զբաղվել է հայ-բյուզանդական մատենագրական առնչություններով։ Հմտացել է հունարենին և 1970թ. որպես թեկնածուական դիսերտացիա պաշտպանել իր անդրանիկ մենագրությունը՝ «Բարսեղ Կեսարացու «Վեցաւրեան» հայ մատենագրության մեջ»: «Վեցաւրեայի» հետքերը հայ մատենագրության մեջ պրպտելիս վերանայել է Կորյունի, Եզնիկ Կողբացու, Եղիշեի ու Անանիա Շիրակացու գործերի աղբյուրներին վերաբերող շատ ավանդական դրույթներ։ Հետագայում այդ ամենը «Վեցաւրեայի» գիտական բնագիրը հրատարակելու հիմք է ծառայել, որով և սկիզբ է դրվել պրոֆեսոր Լ.Խաչիկյանի նախաձեռնած «Հայ թարգմանական հուշարձաններ» մատենաշարին։ Մի քանի տարի վարել է «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագրի պատասխանատու քարտուղարի պաշտոնը։ 1976թ. աշխատանքի է տեղափոխվել ՀՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտի նորաբաց կովկասագիտության և բյուզանդագիտության բաժին, որտեղ ավարտել ու հրատարակել է իր երկրորդ մենագրությունը՝ «Գրիգոր Նազիանղացին հայ մատենագրության մեջ», որի համար 1986թ. նրան շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Միաժամանակ գիտական հանդեսներում տպագրել է մի շարք աղբյուրագիտական բնագրագիտական ուսումնասիրություններ։ Մահվանից առաջ հրատարակության է հանձնել Գրիգոր Նյուսացուն նվիրված մենագրությունը և ավարտել Բարսեզի «Պահոց գրքի» պատրաստումը՝ մեկ առ մեկ նշելով իր չտեղադրած էջերի պատկանելիությունը։ Մահացել է Երևանում: