Zark Foundation

Կիրակոս Գանձակեցի

Կիրակոս Գանձակեցի

Պատմաբան, եկեղեցական գործիչ

4 փետրվար, 1201 - 27 հոկտեմբեր, 1271

Կիրակոս Արևելցի, Գետիկցի
Ծնվել է Գանձակում: Մանուկ հասակում, 1209-12թթ հավանաբար, ուսումնառությունն սկսում է Մխիթար Գոշի՝ Նոր Գետիկի (այժմ՝ ՀՀ, Գոշավանք) դպրոցում, որտեղ մնացել է, ըստ երևույթին, մինչև 1215-16թթ։ Այնուհետև մեկնել է Խորանաշատ վանքի (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղում) դպրոցը, որը հիմնադրել է Գոշի աշակերտ Հովհաննես Վանականը։ 1225թ. Խորեզմի սուլթան Ջալալէդդինը ասպատակում է նաև Տավուշը, որտեղ էր Խորանաշատ վանքը։ Դրանից հետո հնարավոր չի լինում այնտեղ շարունակել կրթության գործը։ Հովհաննես Վանականը իր աշակերտների հետ տեղափոխվում է Լորուտ գյուղի մոտ փորել տված քարայրը և շարունակում է ուսուցանել։ Սակայն 1236թ. մոնղոլ Մոլար Նուինի հրոսակները հասնում են մինչև Տավուշ, գրավում այն և կողոպտում քարայր-դպրոցն ու այնտեղ ապաստանած ժողովրդին։ Նրանք ուսուցչապետ Հովհաննես Վանականին և նրա աշակերտներից մի քանիսին, այդ թվում և Կիրակոսին, գերեվարում են։ Մի քանի ամիս անց փրկագնով Հովհաննես Վանականը ազատվում է, իսկ Գանձակեցին անմիջապես դիմում է փախուստի։ Գերեվարության ժամանակ նա ծանոթանում է մոնղոլ-թաթարական սովորույթներին, կենցաղային մանրամասներին, մասամբ նաև լեզվին, որոնց վերաբերյալ հետագայում բավականին նյութ է հաղորդել իր «Պատմություն Հայոց» աշխատության մեջ։ 1236թ. վերստին հաստատվում է Նոր Գետիկում։ Այստեղ մնում է երկար ժամանակ։ 1250թ. մասնակցել է Դավիթ Մոլորեցուցչին բանադրելուն, 1251թ.՝ Հռոմի պապ Ինոկենտիոս 4-րդի Հավատո թղթի պատասխանը գրելուն: Ենթադրվում է, որ Վանական Վարդապետի մահից (1251թ.) հետո գլխավորել է Նոր Գետիկի դպրոցը և զբաղվել մանկավարժությամբ: 1255թ., Վարդենիս գյուղում (Արագածոտն գավառ), Քուրդ իշխանի տանը հանդիպել է Կիլիկիայի Հայոց թագավոր Հեթում Շենին և տեղեկացել նրա առաքելության արդյունքներին: 1260-ին միջամտել և Գետիկի բնակչությանն ազատել է աթոռահարկից: Այնուհետև իր խնդրանքով Վարդան Արևելցին կատարել է (1265թ.) «Երգ երգոց»-ի մեկնությունը: 1268-69թթ եղել է Սիսում: Գրել է շուրջ հազար տարվա իրադարձություններ ընդգրկող «Հայոց պատմություն» մեծարժեք երկը (սկսել է 19.5.1241թ. և ավարտել հանկարծակի՝ 1265-66թթ անցքերի նկարագրությունն անելիս): Բաղկացած է «Առաջաբան»-ից և ԿԵ (65) գլխից: Բաժանվում է երկու մասի: Առաջինը Գրիգոր Ա Լուսավորչի և թաթար-մոնղոլական արշավանքների միջև ընկած ժամանակաշրջանի համառոտ, երկրորդը մոնղոլների առաջին արշավանքների և Հայաստանում նրանց տիրապետության սկզբնական շրջանի բազմակողմանի պատմությունն է: Սկզբնաղբյուր են ծառայել նախորդ օտար ու հայ հեղինակների (Եվսեբիոս Կեսարացի, Սոկրատես Սքոլաստիկոս, Մովսես Կաղանկատվացի, Սամուել Անեցի, Վանական Վարդապետ և այլն) երկերը, արձանագրություններ, աստվածաբանական, եկեղեցականոնական փաստաթղթեր, դիվանական վավերագրեր, նամակներ, դեպքերի մասնակիցների, ականատեսների բանավոր տեղեկությունները և այլն: Թե՛ աղբյուրներին, թե՛ շարադրանքին ցուցաբերելով քննական-վերլուծական մոտեցում՝ ժամանակաշրջանի, ծավալի և հարցադրումների մեծ ընդգրկումներով տվեւ է 4-13-րդ դարերի հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական, կրոնական, մշակութային և հասարակական շարժումների պատմությունը՝ այն սերտորեն կապակցելով հարևան երկրներում (Վիրք, Աղվանք, Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ) կատարվող իրադարձությունների հետ: Հայագիտության և արևելագիտության համար հատկապես արժեքավոր է «Հայոց պատմության» երկրորդ մասը: Որպես ժամանակակից ու դեպքերին ականատես՝ պատմիչը չափազանց կարևոր տեղեկություններ է հաղորդել Անդրկովկաս ու Հայաստան կատարած մոնղոլների արշավանքների, այդ և այլ երկրներում նրանց նվաճումների, արտաքին տեսքի, լեզվի, կենցաղի, բարքերի, հասարակական կառուցվածքի, Հուլավյանների պետության քաղաքական ու տնտեսական պատմության, Հայաստանի հայ իշխանավորների, Կիլիկիայի հայոց պետության ու մոնղոլների փոխհարաբերությունների մասին: «Հայոց պատմության» այս մասը կարևոր սկզբնաղբյուր է մոնղոլական շրջանի վերաբերյալ առկա հայկական, իրանական ու արաբական աղբյուրների տեղեկությունները լրացնելու, ճշտելու, ժխտելու կամ հաստատելու համար: «Հայոց պատմություն»-ը գնահատել և օգտագործել են դեռևս նրա ժամանակակիցները (Վարդան Արևելցի, Մխիթար Այրիվանեցի և այլք): Ենթադրվում է, որ նրանից օգտվել է նաև իրանցի պատմիչ Ռաշիդ էդ Դինը: Հետագայում նրանով զբաղվել են բազմաթիվ հայ և օտարազգի ուսումնասիրողներ (Ք.Պատկանյան. Հ.Մանանդյան, Մ.Բրոսսե և այլք): «Հայոց պատմություն»-ը մեզ է հասել 47 ընդօրինակություններով (31-ը պահպանվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում, մնացածը՝ Վիեննայի, Փարիզի, Լոնդոնի, Ստամբուլի, Սանկտ Պետերբուրգի մատենադարաններում ու գրադարաններում և անհատական հավաքածուներում): Հրատարակվել է չորս անգամ, առաջինը՝ 1858թ., Մոսկվայում, գիտաքննական հրատարակությունը՝ 1961թ., Երևանում՝ Կ.Ա.Մելիք-Օհանջանյանի աշխատասիրությամբ: Ֆրանսերեն լույս է տեսել 1870թ., Պետերբուրգում, ռուսերեն՝ 1976թ., Մոսկվայում: Առանձին հատվածներ ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն և լատիներեն տպագրվել են դեռևս 19-րդ դարում: Գրել է նաև թղթեր՝ ուղղված Վանական Վարդապետին, Վարդան Արևելցուն և ուրիշների (չեն պահպանվել), բանադրական թուղթ ընդդեմ Դավիթ Ծարեցու, Աստվածածնի վերափոխման շարական և Պողոս եպիսկոպոսի վարքը (վերջինս զետեղված է 1253-69թթ իր իսկ հարմարեցրած ու լրացրած «Ցայսմաւուրք»-ում. պահպանվում է Վիեննայի Մխիթարյան մատենադարանում): Մինչև կյանքի վերջը զբաղվել է մատենագիտական աշխատանքով։ Մահացել է Նոր Գետիկի վանքում, որտեղ էլ թաղվել է։