Zark Foundation

Կիրակոս

Կիրակոս

Մանրանկարիչ

13-րդ դար

Հայտնի է եղել նաև որպես Կյուրակոս: Եղել է Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի 13-րդ դարի 2-րդ կեսի նշանավոր ներկայացուցիչ: Աշխատել է Հռոմկլայում: Նրա ծաղկազարդած առաջին ձեռագիրը, որ հասել է մեզ, 1244թ. Ավետարանն է (Վենետիկի Մխիթարյան մատենադարան), մյուսը՝ Անթիլիասի վանքում պահպանվող 1248թ. Ավետարանը: Այս ձեռագրերում նա դեռ մի շարք գծերով կապված է եղել 12-րդ դարի վերջի կիլիկյան մանրանկարչության ավանդույթներին: Առավել նշանակալից է 1249թ. ծաղկազարդած Ավետարանը (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան), որ գրվել և պատկերազարդվել է Կոստանդին Ա կաթողիկոսի պատվերով: Պարունակում է ավետարանիչների պատկերներ, ճոխ զարդարված խորաններ, անվանաթերթեր, լուսանցազարդեր: Նկարչի պատկերազարդած ձեռագրերի մանրանկարները վկայում են, որ մանրանկարչության այն նրբագեղ ոճը, որ բնորոշ դարձավ կիլիկյան դպրոցին ընդհանրապես, կազմակերպված ձևով հանդես եկավ 13-րդ դարի 40-50-ական թվականներին: