Zark Foundation

Կոմիտաս Դանիելյան

Կոմիտաս Դանիելյան

Արձակագիր

7 սեպտեմբեր, 1947 - 12 հունիս, 2019

Ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղում: Ավելի քան երեք տասնամյակ զբաղվել է լրագրական-խմբագրական աշխատանքով: 1979-91թթ եղել է Ասկերանի շրջանային «Կարմիր դրոշ» (ապա` «Խաչեն»), 1995թ.` Արցախի գրողների միության «Եղիցի լույս», 2001-02թթ` Արցախի կրթության նախարարության «Լուսարար», 2000-06թթ` Արցախի ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» թերթերի հիմնադիր-խմբագիրը: 1993-94թթ խմբագրել է հանրապետական «Արցախ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթը: 2006թ-ից եղել է Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենը: Հեղինակել է «Անկնիք նամակներ» (1981թ.), «Երաշտ տարի» (1989թ.), «Դեմ հանդիման» (1996թ.), «Ճիչ» (2005թ.), «Ամարասի զանգերը» (2006թ.), «Երկհատորյակ» (2017թ.) և այլ պատմվածքների ժողովածուներ, արցախյան ազատամարտին նվիրված «Արցախը` չսանձած նժույգ» փաստավավերագրական վեպը (2001թ.): 2007թ. լույս է տեսել «Պորտալար» ժողովածուն, որն ընդգրկում է Արցախյան գոյամարտի թեմաներով գրած նրա պատմվածքներն ու «Արցախը` չսանձած նժույգ» վեպի լրամշակված տարբերակը: «Դեմ հանդիման» գրքի համար արժանացել է Արցախի կառավարության Եղիշեի անվան մրցանակի: Հեղինակել է նաև Արցախի ազգային-ազատագրական պայքարի թեմայով գրված «Պըլը Պուղին Մոսկովում» ու «Մենք մեր սարերն ենք» (2012թ.) և Հայոց մեծ եղեռնին նվիրված «Տո լաճ տնավեր» պիեսները: Վերջին երկուսը բեմադրվել են Ստեփանակերտի թատրոնում: Կազմել ու խմբագրել է արցախցի արձակագիրների Արցախյան շարժման թեմաներով գրված պատմվածքների «Վերջին գնդակը» ժողովածուն (2005թ.): Ակտիվ մասնակցություն է ունեցել 2005թ. Սանկտ Պետերբուրգում հրատարակված (ռուսերեն) «Արցախ-Ղարաբաղի հանրագիտարան»-ի ստեղծմանը: Արժանացել է Արցախի «Վաչագան Բարեպաշտ» և «Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին» մեդալների, 2012թ.՝ Հայաստանի թատերական գործիչների միության ոսկե մեդալի, 2015թ.՝ Արցախի գրողների միության մրցանակի, 2016թ.՝ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի մրցանակին, 2017թ.՝ ՀՀ ՊՆ առաջին մրցանակի, 2018թ.՝ Արցախի «Մխիթար Գոշ» մեդալի: Մահացել է Ստեփանակերտում: