Ծնվել է 1945թ. օգոստոսի 30-ին, Բուխարեստում: Երգչուհի Մանիկ Գրիգորյանի ամուսինն է: Երեք տարեկան հասակում տեղափոխվել է Հայաստան, սակայն 1949թ. ընտանիքի հետ աքսորվել է Ալթայի երկրամաս: Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի շնորհիվ, 9 տարի անց վերադարձել են աքսորից: 1966թ-ից երգել է Էջմիածնի հոգևոր երգչախմբում: 1968թ-ից եղել է խմբավար Էմմա Ծատուրյանի ղեկավարած Ա.Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախմբի արտիստ: 1971թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1978թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը` Թամար Մելիք-Շահնազարյանի դասարանը: 1977-85թթ որպես մեներգիչ աշխատել է կոնսերվատորիային կից օպերային ստուդիայում: 1969-2011թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես մեներգիչ: Հանդես է եկել հետևյալ օպերաներում` Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Արշակ), «Կարինե» (Մարգար), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Մոսի), «Դավիթ Բեկ» (Վախթանգ), Գ.Դոնիցետիի «Պողիկտոս» (Սևերո), Ջ.Վերդիի «Օթելլո» (Յագո), «Աիդա» (Ամոնասրո), «Տրուբադուր» (Կոմս դի Լունա), «Տրավիատա» (Ժերմոն), Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա» (Իշխան), Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Իշխան Թաթուլ), Է.Սադոյանի «Գրիգոր Լուսավորիչ» (Հազարապետ Օթա), Ջ.Պուչչինիի «Բոհեմ» (Մարսել), Ռ.Լեոնկավալլո «Պայացներ» (Տոնիո և Սիլվիո), Ժ.Բիզեի «Կարմեն» (Էսկամիլիո), Ու.Ջորդանոյի «Անդրե Շենյե» (Ժերար), Ս.Ռախմանինովի «Ալեկո» (Ալեկո), Պ.Մասկանյիի «Գեղջկական ասպետություն» (Ալֆիո), Ջ.Ռոսսինի «Ամուսնության լիազորագիր» (Տոբիաս Միլլ) և այլն: Հյուրախաղերով եղել է մի շարք երկրներում` ԱՄՆ-ում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Գերմանիայում, Չինաստանում, Լիբանանում, Եգիպտոսում, Իրանում, ԱՄԷ-ում, Էկվադորում, Պերուում, Ռուսաստանում, Ուկրաինաում և այլուր: Չորս տարի դասավանդել է Էկվադորի կոնսերվատորիայում: 1990թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1995թ-ից՝ պրոֆեսոր): Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով: 1997թ. արժանացել է ՀԹԳՄ Գոհար Գասպարյանի անվան մեդալի, 2003թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2011թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: