Ծնվել է Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Վաղ տարիքից սովորել է Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական հատուկ դպրոցում: Ծնողները դարձել են ստալինյան բռնությունների զոհ, որի պատճառով նրան հեռացրել են դպրոցից և եղբայրների հետ տեղափոխվել է Արցախի փոքրիկ գյուղերից մեկը: 1942թ. աշխատել է ավիացիոն կորպուսի ջազային խմբում` որպես դաշնակահար և ակարդիոնահար: Որոշ ժամանակ անց, ռազմական նվագախմբի հետ համերգներով հադես է եկել Երևանում, ապա` Հայաստանի էստրադային նվագախմբում: 1945թ-ից նվագախմբի համար վերամշակել է ժողովրդական երգեր, ինչպես նաև ստեղծել է նոր մեղեդիներ: Առաջին գործերից է «Օրորոցայինը»: 1952թ-ից սովորել է Երևանի Ռ.Մելիքյանիանվան երաժշտական ուսումնարանում: 1961թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Էդվարդ Միրզոյանի ստեղծագործական դասարանը: 1955թ. գրել է «Սիրտը երգում է» ֆիլմի երաժշտությունը: 1956-92թթ եղել է Հայաստանի էստրադային նվագախմբի դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը, 1957թ-ից՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ, 1968թ-ից՝ վարչության անդամ: Արտահայտման անմիջականությամբ և քնարական հագեցվածությամբ աչքի է ընկնում նրա լարային կվարտետը (1956թ.), որը 1957թ. Մոսկվայում արժանացել է Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 6-րդ փառատոնի առաջին մրցանակին: Ճանաչում են գտել նաև նրա սիմֆոնիան (1961թ.) և «Անմահություն» բալետը (բեմադրված՝ 1969թ., Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն): Դրանցում յուրովի են վերակերպվել հայկական ժողովրդական երաժշտության լադաինտոնացիոն ու ռիթմական առանձնահատկությունները, ժամանակակից սիմֆոնիզմի նվաճումները: Սիմֆոնիկ գործերի թվում են նաև «Հուշարձան» (1955թ.) և «Դեպի թռիչք» (1956թ.) խորեոգրաֆիկ պատկերները, «Տոնական նախերգանքը» (1967թ.) և «Զանգեզուր» պոեմը (1973թ.): Գրել է «Սիրում եմ քեզ, դու իմ Մոսկվա» (Երգի միջազգային փառատոնի մրցանակ, Բուդապեշտ, 1967թ.), «Երևանյան մեղեդի», «Ռեքվիեմ», «Կեչիների աղմուկը», «Արևիկ» (Չեխոսլովակիայի և Գերմանիայի միջազգային փառատոների մրցանակներ), «Սերը չի ծերանում», «Գալիս ես, գալիս ես», «Երգել, նշանակում է ապրել», «100 երջանիկ ժամեր», «Շնորհակալություն կյանքին», «Հիշեք» և բազմաթիվ այլ երգեր, էստրադային պիեսներ, ջազային կոմպոզիցիաներ: 1966թ. Պրահայի ջազային երաժշտության միջազգային փառատոնում մրցանակի է արժանացել նրա «Պոլիֆոնիկ պրելյուդը» 4 տրոմբոնների և էստրադային նվագախմբի համար: Հեղինակել է դրամատիկ ներկայացումների (Ա.Արաքսմանյանի «Քո հոգու կրակը» և այլն) և կինոնկարների («Ճանապարհ դեպի կրկես», «Փառքի օղակներ», «Թռիչք անդունդի վրայով» և այլն) երաժշտություններ: Դարձել է համամիութենական և միջազգային բազմաթիվ երաժշտական մրցույթների ու փառատոների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր: 1993թ. տեղափոխվել է ԱՄՆ և բնակություն հաստատել Սան-Ֆրանցիսկո, ապա Լոս Անջելես քաղաքում: Թողարկվել են կոմպոզիտորի երկերի ձայնապնակները: Պարգևատրվել է Բուլղարիայի «Կիրիլ և Միֆոդի» (1976թ.), ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» (2003թ.), Արցախի «Մեսրոպ Մաշտոց» (2009թ.), ՀՀ «Պատվո նշան» (2012թ.) շքանշաններով, Սան Ֆրանցիսկոյի Ա.Էյնշտեյնի անվան մեդալով (1996թ.), ՀՀ Գորիս քաղաքի և Երևանի (2008թ.) պատվավոր քաղաքացու կոչումներով: 1974թ. արժանացել է Հայաստանի, 1979թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: