Zark Foundation

Կոստանդին

Կոստանդին

Մանրանկարիչ

12-րդ դար

Եղել է 12-րդ դարի վերջին քառորդի Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի նշանավոր ներկայացուցիչ։ Աշխատել է Սկևռայի գրչատանը: Մանրանկարիչներ Գրիգոր Մլիճեցու և Վարդանի հետ 1173թ. նկարազարդել է «Տիգրանակերտի Ավետարանը» (ձեռագրի տեղն անհայտ է): Ներսես Լամբրոնացու և նրա եղբայր Հեթումի համար 1193թ. նրա ծաղկազարդած ձեռագիրը (Վենետիկի Մխիթարյան մատենադարան) զարդարված է խորաններով, լուսանցազարդերով և երկու տերունական պատկերներով («Մկրտություն» և «Խաչելություն»): Ի տարբերություն վաղ շրջանի հայկական մանրանկարչությանը բնորոշ ծանր, մեծագլուխ ֆիգուրների՝ այստեղ պատկերվածները իրենց երկարաձիգ ձևերով, գեղանագ դիրքով, ընդհանուր թեթևությամբ և նուրբ գծանկարով աղերսներ ունեն 11-րդ դարի բյուզանդական մանրանկարչության հետ: Քրիստոսի խաչելության տեսարանում ֆիգուրների դիրքը, դեմքերի խոր հուզական արտահայտությունը ապացուցում են, որ մանրանկարիչը ձգտել է ընդգծել պատումի ողբերգական կողմը: Այդպիսով որոշ առումով կանխել է այն նորամուծությունները, որոնք առկա են խաչելության պատկերագրության մեջ, ինչպես հայկական, այնպես էլ բյուզանդական 13-րդ դարի ձեռագրերում: Կիլիկյան մանրանկարչության հիմնական առանձնահատկությունները ձևավորվել են 12-րդ դարի վերջին, որի դրսևորումներից է նկարչի ստեղծագործությունը: Նա և նրա ժամանակակից Գրիգոր Մլիճեցին կիլիկյան մանրանկարչության մեջ մի նոր փուլ են նախանշում, որի հիմքի վրա հետագայում մշակվել է Կիլիկիայի մանրանկարչական դպրոցի ինքնատիպ, նրբագեղ ոճը: