Սիսակ Ազրոյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառի Լիզ գյուղում։ Փրկվելով Հայոց Ցեղասպանությունից (1915թ.)` 1918թ. տեղափոխվել է Դիլիջան, ապա` Թիֆլիս։ Աշխատել է որպես կաշեգործ բանվոր։ Հենց այդ տարիներին էլ գրել է առաջին բանաստեղծությունները։ 1926թ. ավարտել է Թիֆլիսի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1932թ.` Մոսկվայի համալսարանի գրական-խմբագրական ֆակուլտետը։ Վերադառնալով Թիֆլիս` աշխատանքի է նշանակվել «Պրոլետար» օրաթերթում` որպես գրական աշխատող, ապա` բաժնի վարիչ։ 1932-33թթ պատմություն և քաղաքատնտեսություն է դասավանդել կաշեգործարանի ֆաբգործուսում։ 1934թ. նշանակվել է Ղարաքիլիսայի (այժմ` Վանաձոր) «Սոցարշավ» թերթի խմբագիր, ապա` Արթիկի «Լեռնագործ» թերթի խմբագիր։ Հետագայում կրկին տեղափոխվել է Թիֆլիս և աշխատել «Պրոլետար» օրաթերթում` որպես արվեստի և գրականության բաժնի վարիչ։ 1934թ-ից եղել է Վրաստանի գրողների միության անդամ, ապա՝ Վրաստանի պրոլետգրողների միության հայկական մասնաճյուղի քարտուղարը, հետագայում Վրաստանի գրողների միության հայկական բաժանմունքի նախագահը։ 1940թ-ից ուսուցչություն է արել Թբիլիսիի հայկական դպրոցներում։ Եղել է 88-րդ դպրոցի տնօրենն ու հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ։ Գրական ստեղծագործական նախաքայլերն սկսել է բանաստեղծություններով, հետագայում անցել է արձակի, հրատարակել է երեք գիրք՝ «Կանաչ ավանի մարդիկ» (պատմվածքներ, 1948թ.), «Լեռան արշալույս» (վեպ, պատմվածքներ, 1958թ.), «Սպիտակ արծվի երգը» (հայերենից վրացերեն թարգմանված պատմվածքների ժողովածու, 1969թ.)։ Գեղարվեստական ստեղծագործություններից բացի զբաղվել է նաև գրական և թատերական քննդատությամբ։ 1969թ. Թբիլիսիում վրացերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Սպիտակ արծվի երգը» գիրքը։ Մահացել է Թբիլիսիում: