Ծնվել է Եվդոկիա (այժմ՝ Թոխաթ) քաղաքում: Աշակերտել է Հակոբ Այվաթենց Թոխաթցուն, որից տարբերվելու համար իրեն կոչել է Հակոբ Բաթուկենց Թոխաթցի: 1593-95թթ ապրել է Օլախաց երկրի (Վալախիա) Յաշ քաղաքում, ապա հաստատվել Զամոստիե հայաշատ քաղաքում (Արևմտյան Ուկրաինա): Հեղինակել է «Ողբ ի վերայ Օլախաց երկրին» (1595-96թթ), «Տաղ և ողբանք ի վերայ Եվդոկիա քաղաքին» (1604թ.) պատմական թեմայով ողբերը, քնարական բնույթի զղջական-խրատական տաղեր, գանձեր և ներբողներ, «Յակոբի Սաղմոսարան» կոչված անտիպ ընդարձակ երկը, որը Հին կտակարանի սաղմոսների չափածո վերամշակումն է (1627թ., 150 սաղմոսները ներկայացված են հանգավոր ոտանավորով, բազմազան չափերով): Լատիներենից հայերեն է թարգմանել հնդկական ծագում ունեցող «Եօթն իմաստասիրաց պատմութիւն»-ը (1614թ.), որը, խմբագրական որոշ փոփոխություններով, հրատարակվել է 9 անգամ (1-ին հրտ.՝ 1696թ.): Այդ գործը հայերենից թարգմանվել է նաև թուրքերեն (1803թ.), ռուսերեն (1847թ.), վրացերեն (19-րդ դար), ֆրանսերեն (1919թ.): Նրա գրչությամբ պահպանվել է 6 ձեռագիր (Երևանի Մ.Մաշտոցի անվան, Վիեննայի Կայսերական և Երուսաղեմի Մ.Հակոբյանց վանքի մատենադարանների հավաքածուներ): Բացառիկ նշանակություն ունի նրա գրչագրած «Գեռլայի տաղարանը» (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան), որն ամփոփում է հայ միջնադարյան պոեզիայի բազմատեսակ ստեղծագործություններ: