Հակոբ Բեջանյան
Ծնվել է Արցախի Լյուլասազ գյուղում: 1903թ. ընդունվել է Գորիի ուսուցչական սեմինարիան, որն ավարտելուց հետո զբաղվել է հեղափոխական գործունեությամբ։ 1909թ-ից ղեկավար մասնակցություն է ունեցել Կովկասի բոլշևիկյան գրեթե բոլոր թերթերի և ամսագրերի հրատարակմանը։ 1909-12թթ աշխատել է Թիֆլիսի, ապա՝ Բաքվի կուսակցական կազմակերպությունում, 1915-16թթ ուսուցիչ է եղել Գանձակում, 1915թ.՝ «Պայքար» թերթի խմբագրական կոլեգիայի անդամ։ 1916թ-ից աշխատել է Բաքվում, հեղափոխական աշխատանքներ տարել նավթահանքերի բանվորների շրջանում։ 1917թ. եղել է «Սոցիալ-դեմոկրատ» թերթի պատասխանատու քարտուղարը, 1918-19թթ՝ «Կոմունիստ» թերթի խմբագիրը (Թիֆլիս)։ 1920-21թթ կուսակցական ղեկավար աշխատանքներ է կատարել Զանգեզուրում, այնուհետև՝ Լեռնային Ղարաբաղում։ Եղել է Զանգեզուրի կոմունիստական կազմակերպության ժամանակավոր ԿԿ-ի (1920թ. մայիս) նախագահը։ Զանգեզուրում խորհրդային իշխանության հաստատվելուց հետո ընտրվել է գավառի Հեղկոմի նախագահ։ Մահացել է Զանգեզուրում (այժմ՝ Սյունիք):