Zark Foundation

Հակոբ Հարությունյան

Հակոբ Հարությունյան

Փիլիսոփա, երաժշտագետ, գրականագետ, լեզվաբան

11 դեկտեմբեր, 1888 - 1 հունվար, 1943

Հակոբ Արտենյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գավառի Խաստուր գյուղում: 1901-10թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, աշակերտել է Կոմիտասին: 1910-12թթ աշխատել է Թավրիզի հայկական դպրոցում: 1912-19թթ ուսումը շարունակել է Բեռլինի, Լայպցիգի, Ցյուրիխի համալսարաններում: 1919թ. ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1927-40թթ դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 1928-32թթ միաժամանակ՝ Երևանի պետական մանկավարժական ինստիտուտում: 1935-37թթ եղել է Արմֆանի արվեստի բաժնի վարիչը: Հրատարակվել են նրա «Կանտի իմացաբանությունը» (1910-11թթ, Էջմիածին «Արարատ»), «Մկրտիչ Պեշիկթաշլյան» (1912թ., «Արարատ»), «Զարգացման գաղափարի վերլուծությունը» (1919թ., գերմաներեն), «Լեզվի մասին» (1934թ.), «Մանյակ» (ժողովրդական երգերի ժողովածու, 1958թ.) աշխատությունները: Թարգմանել է Հեգելի «Դասախոսություններ էսթետիկայի մասին» գիրքը (1939թ.), Գյոթեի բանաստեղծությունների ընտրանին (1946թ.) և այլ երկեր: Դարձել է ստալինյան բռնաճնշումների զոհ, 1941թ. անհիմն բռնադատվել է, մահացել դեռևս չպարզված հանգամանքներում: