
Գեղանկարիչ
18 մայիս, 1806 - 12 մայիս, 1881
Ծնվել է Թիֆլիսում: Եղել է նկարիչներ Մկրտում Հովնաթանյանի որդին, Աղաթոն Հովնաթանյանի եղբայրը: Սովորել է հոր մոտ, որի հետ նկարազարդել ու վերանորոգել է Թիֆլիսի եկեղեցիների (Սիոնի կաթողիկե, Սբ. Նշան, Նորաշեն և այլն) ներսի հարդարանքը, կատարել դիմանկարներ (Եփրեմ կաթողիկոսի դիմանկարը): 1865թ-ից տեղափոխվել է Իրան, ապրել ու ստեղծագործել Թավրիզում, ապա` Թեհրանում: Եղել է շահի պալատական նկարիչը, կրել «Նաղըշ բաշի» (նկարիչների գլխավոր) տիտղոսը, արժանացել «Էլմի» (գիտություն) շքանշանի: Եղել է հիմնականում դիմանկարիչ` զարգացրել է դիմանկարի Հովնաթանյան այն տեսակը, որը հիմնավորվել էր դեռևս պապի` Հովնաթան Հովնաթանյանի ժամանակ: Նրա պատվիրատուները Թիֆլիսի մոքալաքները (տոհմիկ քաղաքացիներ), գիմնազիստները, վաճառականները, աստիճանավորներն ու նրանց կանայք էին: Կտավները փոքրաչափ են: Պահպանելով բնորդի արտաքին, վավերական գծերը` նկարիչը զգալի տեղ է հատկացրել պատկերվողի տարազին, նրա գունային և դեկորատիվ հնչեղությանը, հեռացել է կերպավորման հարթապատկերային սկզբունքներից, որին ապավինում էին նրա նախորդները, ձգտել ծավալաձևերի մոդելավորման, նյութականության, պատկերվողի հոգեբանական գծերի շեշտադրման: Նկարչի արվեստն ամփոփելով տոհմի գեղանկարչական նորամուծությունները, տեղի գեղագիտական պահանջները միահյուսել է Արևելքի (հատկապես Իրանի) գեղարվեստական ըմբռնումներին, որակական նոր աստիճանի բարձրացրել գեղանկարչության ազգային մտածողությունը: Այն նոր երևույթ էր Կովկասի մշակութային կյանքում և երկար ժամանակ իշխող է եղել տեղական արվեստի ձևավորման ընթացքում: Հովնաթանյանի կանացի դիմանկարներին բնորոշ են դեմքի երկարավուն, օվալաձև գծանկարը, նշաձև թախծոտ աչքերը: Պատկերվողի դեմքն ու ձեռքերը, գրաֆիկական խիստ ուրվագծով շեշտված ֆիգուրների եզրագծերը կերպավորված են պլաստիկական արտահայտչականումթյամբ: Տղամարդկանց դիմանկարները հիմնականում կառուցված են սևի, ճերմակի, կանաչի և կարմրի նրբագեղ համադրումներով: 1840-50-ական թվականներին դիմանկարներում բացառիկ շքեղությամբ է դրսևորվել նրա վարպետությունը: Դասակարգային տարբեր շերտավորումների և սոցիալական խավերի տիպական առանձնահատկությունների հոգեբանական վերհանումը դիմանկարների կարևոր առանձնահատկություններից է: Դիմանկարների պարզ և մատչելի թվացող կոմպոզիցիոն կառուցվածքը, տարածության մեջ «փոքրացված» մարմինները, միատարր լուսավորությունը հովնաթանյանական կոլորիտի հստակության ու նրբագեղության շնորհիվ նպաստել են կերպարների որոշակիությանն ու վավերական ստուգությանը: Մարտիրոս Օրբելյանի, Թովմաս Թովմասյանի, Դե Կորմիկի դիմանկարների գունային կառուցվածքն ու ձևերի ամուր ներդաշնակությունը համահնչուն են նկարչի լավագույն ստեղծագործություններից մեկին` Ներսես Աշտարակեցու դիմանկարին, որտեղ սևը (փարաջան) և հագեցված կարմիրը (կրծքի շքանշանների ժապավենը) ընդգծում են բնորդի ծերունական իմաստությամբ բնութագրվող դեմքը: Իրանական շրջանի գործերում (դրանց թիվն անցնում է 10-ից) փոփոխություն են կրել դիմանկարի կառուցման հովնաթանյանական սկզբունքները: Նկարները դարձել են որոշակիորեն շքերթային, էկլեկտիկ: Նրա արվեստը խոր հետք է թողել իր ժամանակի գեղանկարչության զարգացման վրա: Դրա վկայություններն են այն բազմաթիվ դիմանկարները, որոնք գրականության մեջ հայտնի են «Հովնաթանյանի դպրոց» կամ «19-րդ դարի 1-ին կեսի Թիֆլիսյան դպրոց» անվան տակ: Սրանց ֆոնի վրա աշխատանքներն աչքի են ընկնում պրոֆեսիոնալ բարձր վարպետությամբ, հմայիչ գեղանկարով, կերպարային մտածողության կատարելությամբ, խորը մարդասիրությամբ: Ավարտել ու նոր որակ է հաղորդել 17-18-րդ դարերի ձևավորված հայ նոր գեղանկարչությանը և հետագայում ուղենիշ է եղել ազգային արվեստի զարգացման ընթացքում: Ստեղծագործությունը հայ-վրացական մշակութային կապերի փայլուն էջերից է: Աշխատանքների զգալի մասը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում, Վրաստանի արվեստի թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում: 1841թ. Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի խորհրդին է ներկայացրել Կովկասի քաղաքացիական վարչության կառավարիչ Ե.Ա.Գոլովինի դիմանկարը և ստացել «Ոչ դասական նկարչի» կոչում: 1842թ. արժանացել է ոսկե մեդալի և 14-րդ դասի աստիճանավորի կոչման: Մահացել է Թեհրանում, թաղված է տեղի Դարվազիե Ղազվին թաղամասի Սբ. Գևորգ եկեղեցու բակում: