Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Մանուկ հասակում ծնողների հետ տեղափոխվել է Բուխարեստ։ Ճարտարապետության բարձրագույն կրթությունը ստացել է Փարիզում։ 1840-ական թվականների կեսին հրավիրվել է Բուխարեստ, 1847թ. նշանակվել Վալաքիայի ինժեներական բաժնի ճարտարապետ։ Վալաքիայի 1848թ. հեղափոխության նախօրյակին ընտրվել է Բուխարեստում կազմակերպված դեմոկրատական ակումբի քարտուղար։ Նրա տանը գումարվել են գաղտնի ժողովներ, կազմակերպվել զինված ջոկատներ։ Հեղափոխության պարտությունից հետո հեռացել է Բուխարեստից։ 1857թ. վերադարձել է, Վալաքիայի 21 ազգային գործիչների հետ ստորագրել (1858թ.) «Հավատքի դավանանք» փաստաթուղթը, որը ժողովրդին կոչ էր անում միավորվել և ստեղծել միասնական Ռումինիա։ 1860թ. ընտրվել է Վալաքիայի խորհրդարանի անդամ։ 1847թ., ապա 1858թ-ից եղել է Բուխարետոի հայկական համայնքի հոգաբարձության ղեկավարը։ Նախագծել է Բուխարեստի Ազգային թատրոնի շենքը (չի կառուցվել), Հաղթական կամարը (1848թ.), Կ.Պոլսում՝ Ճեզայիրլի ամիրայի ապարանքը (1850թ.), Արճեշ գետի (Ռումինիա) կամուրջը (1857թ.) և այլն։ Հրատարակել է «Արևելքը Արևմուտքի առջև» (ֆրանսերեն, 1856թ.) գիրքը, որը նվիրված է Թուրքիայի պատմությանը, այդ երկրի կյանքում հայերի ունեցած դերին և նրանց թշվառ վիճակին։ Միաժամանակ, պատրանքներ է կապել Թուրքիայում կատարվող բարենորոգումների (թանզիմաթ) հետ։ Մահացել է Բուխարեստում: