Հակոբ Արծկեցի
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Տուրուբերանի նահանգի Բզնունյաց գավառի Արծկեք գյուղում: Նախնական կրթությունն ստացել է հոր՝ Ներսես քահանայի մոտ, ապա՝ Արծկեի վարդապետական դպրոցում: Ձեռնադրվել է քահանա, կնոջ մահից հետո դարձել վարդապետ (1464թ.): 1467թ-ից հիշատակվում է որպես եպիսկոպոս: Արծկեի Սքանչելագործ Սբ. Նշան վանքում զբաղվել է մատենագրական աշխատանքով: Ընդօրինակել է ավետարաններ ու գանձարաններ (պահպանվել են մի քանիսը): Հիշատակելի են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի Գանձարանը (1491թ., եղբայր Ղազարի աշխատակցությամբ) և Ավետարանը (1499թ., եղբորորդի Զաքարիա դպրի աշխատակցությամբ): Գրել է 13 չափածո երկ: Դրանք ազգային-եկեղեցական և տերունական թեմաներով գանձեր ու տաղեր են, ոտանավոր վարքեր, եղբոր՝ Ղազարի հիշատակին նվիրված մի ողբ, ինչպես նաև վարդի ու սոխակի այլաբանական սերը, բնության զարթոնքն ու մարդու հրճվանքն արտահայտող երգեր: Մի երկուսի հեղինակային պատկանելությունը վիճելի է: Նրա բանաստեղծությանը հատուկ են ակրոստիք հորինվածքը, տաղաչափական բազմազանությունը, ավանդական արտահայտչամիջոցները: